Թամամյանը, հնարավոր է, ազատ արձակվի դատարանի դահլիճից
«Հայկական ժամանակը» գրում է, որ քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանը մինչև ԱԺ ընտրությունները կարող է ազատ արձակվել դատարանի դահլիճից: «Համենայնդեպս, սրա մասին հուշում են երեկ դատարանում տեղի ունեցած իրադարձությունները: Թամամյանը և գործով մյուս ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել և միջնորդել արագացված դատաքննության կարգ կիրառել: Հենց երեկվա ընթացքում, այսպիսով, դատավարությունն ավարտվել է, և կողմերը պատրաստվում են ճառերին: ՀՀ օրենսդրությամբ, արագացված դատաքննության կարգ կիրառելու դեպքում ամբաստանյալների նկատմամբ չի կարող ավելի խիստ պատիժ նշանակվել, քան տվյալ հոդվածով նախատեսված ամենախիստ պատժի երկու երրորդը:
Թամամյանի հոդվածով նախատեսված է առավելագույնը վեց տարվա ազատազրկում, ու փաստորեն այս վերին շեմը հիմա իջնում է երկու տարով` դառնալով չորս տարի: Բայց, քանի որ Թամամյանն իրեն մեղավոր ճանաչելով մեղմացուցիչ հանգամանք է ձեռք բերել, չի բացառվում, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նա բազմաթիվ պետական պարգևներ ունի: Այլ կերպ ասած, մեծ է հավանականությունը, որ նա երկու կամ երեք տարի պայմանական կստանա և ազատ կարձակվի դատարանի դահլիճից»,- գրում է թերթը: