Վարչապետ. Անապահովների համար ստեղծվելու են կրթություն ստանալու արտոնյալ պայմաններ
ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կազմման շրջանակներում այսօր հանդիպեց մտավորականության հետ: Հանդիպմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը և այլք:
Տ.Սարգսյանը նշեց, որ հանդիպման նպատակն է առաջ քաշել գաղափարներ, սկզբունքներ, որոնք մտավորականները նպատակահարմար են գտնում ներառել ՀՀԿ-ի ծրագրում:
Վարչապետի խոսքերով` ՀՀԿ-ն լինելով պահպանողական կուսակցություն, առաջին հերթին հանրությանը պետք է ներկայացնի այն արժեքները, որով ղեկավարվում է :
«Փոփոխություններ ծրագրելիս մենք առաջնորդվում ենք այն գաղափարով, որ պետությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ստեղծել արժանապատիվ ապրելու և արարելու հնարավորություններ»,- ասաց վարչապետը և հավելեց.
«Պետությունը քաղաքացիների համար պետք է ստեղծի հնարավորություններ, որպեսզի նրանք իրենց տաղանդն ու աստվածային շնորհները կարողանան իրացնել, իսկ դրա համար մենք պետք է միջավայր ստեղծենք, այլ ոչ թե նրանց փոխարենն այդ ամենն իրականացնենք»:
Այնուհետև վարչապետը մեջբերեց Նժդեհի խոսքերը. «Մի ժողովուրդ, որի որդիները հավասար պայմաններում չեն գտնվում օրենքի և մահվան առաջ` զուրկ է հավիտենական հաղթանակներից»:
Այսինքն, ինչպես նշեց վարչապետը, Նժդեհի այս գաղափարի մեջ կա պահպանողականության այն կարևորագույն սկզբունքը, որը ենթադրում է`պետությունը իր ինստիտուտների, օրենքների միջոցով պետք է իր քաղաքացիների համար ստեղծի հավասար պայմաններ:
Տ.Սարգսյանը վստահեցրեց, որ ծրագրի բոլոր դրույթները, որոնք վերաբերում են փոփոխություններին` ելնում են այս սկզբունքից:
Վարչապետն անդրադարձավ կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվելիք փոփոխություններին: Նա ընդգծեց, որ այս երկու ոլորտները պետք է քաղաքացիների համար հասանելի լինեն, քանի որ, եթե, մասնավորապես կրթությունը հասանելի չէ, ապա դա է այն հիմնական պատճառը, որը ապագայում բերում է անհավասարություն:
Ուստի, ըստ նրա, նախընտրական ծրագրում արմատական փոփոխություններ են առաջարկվում: Մասնավորապես, Տ.Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ նախընտրական ծրագիրն ուղղված է լինելու սոցիալական անհավասարության պատճառների վերացմանը:
«Սոցիալական անհավասարությունը ծնվում է երկու պատճառով` կրթության և աշխատատեղերի անհասանելիության: Այսօր անապահով ընտանիքների երեխաների միայն 10 տոկոսն է ընդունվում բուհ: Պետությունը պարտավոր է միջամտել և լուծել այս խնդիրը: Անապահովների համար ստեղծվելու են կրթություն ստանալու արտոնյալ պայմաններ` կրթությունը հասանելի դարձնելու համար»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան