Սմարթֆոնը հասանելի կլինի հայերեն լեզվով
«Մայքրոսոֆթ» ընկերության հայկական գրասենյակի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Մայքրոսոֆթ ընկերության արտադրանքի հայացման« թեմայի շուրջ քննարկում:
Մասնավորապես, ընկերության կողմից ներկայացվեց Windows Xp ծրագրի հայերեն տարբերակը: Հայացվել է Microsoft Word-ի ողջ ինտերֆեյսը և ներդրվել հայերենի ուղղագրական համակարգը, ինչը նշանակում է, որ այսուհետ օնլայն տիրույթում հայերեն տառասխալներով բառերը կպակասեն: Ինչպես նշեց ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, թեև ճշտությունը դեռ բավարար չէ, բայց 90 %-ի ճշտության իրենք արդեն հասել են:
«Սա կօգնի յուրաքանչյուրին ավելի հեշտ կողմնորոշվել Windows համակարգում: Մենք տարիներ շարունակ տանում ենք Office փաթեթի հայացման գործընթացը, ընդ որում, ոչ մեկ փաթեթի, այժմ մենք աշխատում ենք Windows Vista-ի հայացման վրա: Իհարկե, ժամանակ է պետք, որ այդտեղ կիրառված տերմինները մտնեն մեր կյանք: Սա կապի որակից ոչ պակաս կարևոր խնդիրն է»,-ասաց Գ. Բարսեղյանը:
Ընկերությունը ներկայացրեց հայացմանն ուղղված մի շարք ծրագրեր: «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Քոչարյանը տեղեկացրեց, որ այսուհետև Սմարթֆոնը հասանելի կլինի հայերեն լեզվով: «Սմարթֆոն կամ խելախոս: Այսուհետ դուք հնարավորություն կունենաք ոչ միայն ընտրել այս երկու տերմինների մեջ, այլև ընդհանրապես հեռախոսի ողջ համակարգում վայելել միայն հայերեն բառապաշարը»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկինում սմարթֆոնը չէր ընձեռում հայերեն գրելու հնարավորությունը, բացի այդ՝ հայկական կայքերը դժվարությամբ էին բեռնվում: «Nokia–ի հետ մենք ստեղծեցինք 2 ծրագիր, որը նորմալ ցուցադրում է բոլոր հայերեն կայքերը, ինչպես նաև ցույց է տալիս հայերեն ստեղնաշար, որի միջոցով կարելի է հավաքել հայերեն տեքստեր, հայերենով ուղարկել հաղորդագրություններ»,- նշեց Դ.Քոչարյանը:
Նշվեց, որ այն լինելու է անվճար և 10 օրվա ընթացքում հասանելի կլինի յուրաքանչյուրին:
Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում այս առնչությամբ պարզաբանումներ ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ըստ նրա՝ Հայաստանում մշակվում է ծրագիր, որի համաձայն քաղաքացիները sms հաղորդագրությունները կկարողանան ուղարկել և ստանալ հայերեն լեզվով: Նրա խոսքերով` քննարկումներ են անցկացվել հայաստանյան երեք բջջային օպերատորների հետ, և խնդրի լուծումներն առաջիկայում կգտնվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին