ՍԴՀԿ-ն ՀԱԿ ցուցակում կունենա առնվազն հինգ թեկնածու, բայց դաշինքում չի լինի
«Արդարադատության նախարարության թեթև ձեռքով մենք զրկվել ենք Հայ Ազգային կոնգրեսի դաշինքում լինելու հնարավորությունից», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իր մտահոգությունը արտահայտեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Նշենք, որ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում որպես ՍԴՀԿ ատենապետ գրանցված է Գևորգ Պերկուպերկյանը: Այս հանգամանքն էլ խոչընդոտում է Լյուդմիլա Սարգսյանին ստորագրել Հայ Ազգային կոնգրեսի հետ դաշինք կազմելու որոշման տակ:
«Ապօրինի կերպով պետռեգիստրում գրանցվել են մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն այս կուսակցության հետ: Մի՞թե արդարադատության նախարարությանը մեկ ամիսը չի բավարարում, որ ստուգեն ու տեսնեն, բոլոր հիմքերը ներկայացված են: Առ այսօր կարծես թե ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան խափանել մեր դաշինքը», հավելեց տիկին Սարգսյանը` նկատելով, որ ինքը «100 տոկոսով» համոզված է, որ միտումնավոր է այդպես արվում:
ՍԴՀԿ-ի շուրջ Լյուդմիլա Սարգսյանի և Գևորգ Պերկուպերկյանի միջև վեճը գալիս է դեռ 2009-ից: Այս կուսակցությունը բաժանվեց երկու թևի: Մյուս թևի ատենապետ էր ընտրվել Գևորգ Պերկուպերկյանը: Վերջինս բոլորովին վերջերս Պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացրել նոր խմբագրությամբ կանոնադրություն և գրանցվել որպես ՍԴՀԿ ատենապետ:
Իսկ Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած թևը դիմել էր դատարան` վիճարկել Գևորգ Պերկուպերկյանի` ՍԴՀԿ ատենապետի պաշտոնում լինելու օրինականությունը, ինչը դատարանում չէր հաստատվել:
«Դեռ մինչև շաբաթ օրը ես ժամանակ ունեմ, եթե ամեն դեպքում Արդարադատության նախարարությունը կորոշի, որ վերջապես բավական է, պետք է կողմնորոշվել, որ չի կարելի խրախուսել ապօրինի գործողությունները մեր երկրում, ուրեմն այսօր արդեն վճիռ կկայացվի և Պետռեգիստրում այդ կուսակցության գրանցումը չեղյալ կհամարվի», -մեզ հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ ցուցակին, Սարգսյանն ասաց, որ այդ ամենը չի կարող խանգարել` իրենց թեկնածուների` ցուցակում ընդգրկվելուն: «Մեր թեկնածուները ՀԱԿ-ի ցուցակում կլինեն, միանշանակ, երևի իրենք հույս ունեն, որ այդ ձևով կխափանեին նաև մեր ցուցակում լինելը: Բայց Փառք Աստծո, մենք գիտենք մեր իրավունքները և կարող ենք դա անել», -հավելեց նա:
Հարցին, թե մոտավորապես քանի ՍԴՀԿ-ական կլինի ՀԱԿ-ի ցուցակում, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ առնվազն հինգ հոգի կլինի»:
Արդեն կազմվա՞ծ է ՀԱԿ ցուցակը
-Ես անձամբ ցուցակը չեմ տեսել, շատ զբաղված եմ, ժամանակի խնդիր ունեմ:
Ձեր տեղը գիտե՞ք ցուցակում, տիկին Սարգսյան
-Դե, շրջանառվում են լուրեր, որ ես 6-րդն եմ:
Քարոզարշավներին մասնակցելո՞ւ եք
-Միանշանակ, մենք ոչ մի բանից հետ չենք մնալու
ՍԴՀԿ-ն մեծամասնականով առաջադրումներ կանի
-Մենք դեռ քննարկում ենք այդ հարցը: