Ջուզեպպե Վերդիի հոբելյանական տարում Հայաստանում հնարավոր է կազմակերպվի Պարմայի «Կորալե Վերդի» երգչախմբի ելույթները
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին առաջարկել է Ջուզեպպե Վերդիի հոբելյանական տարում` 2013 թվականին, Հայաստանում կազմակերպել Պարմայի «Կորալե Վերդի» երգչախմբի ելույթները, նաև աշխատանքներ տանել հայաստանյան բեմում Վերդիի օպերաներից մեկի համատեղ նոր բեմադրության իրականացման ուղղությամբ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից:
Նախարար Հ.Պողոսյանը հանդիպման ժամանակ նշել է, որ հայ-իտալական մշակութային հարաբերություններն իրապես հաջողությամբ են ընթանում` ինչի վկայությունն է նաև 2011 թ. դեկտեմբերի 14-ից 2012 թ. ապրիլի 10-ը Իտալիայում անցկացվող հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» խորագրով համատեղ ցուցահանդեսը: Շարունակելով թեման, վերջինս դեսպանին ներկայացրել է Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմանը և հայ գրատպության 500-ամյակին նվիրված հայաստանյան ծրագրերն ու տոնական հանդիսությունները, հրավիրել է իտալական կողմին մասնակցելու տարվա ընթացքում Հայաստանում կայանալիք գրքի թեմաներով միջոցառումներին: Մասնավորապես կողմերը քննարկել են «ArmBookExpo»-ին իտալական հանրահայտ «Սկիրա» և «Էլեկտրա» հրատարակչությունների մասնակցությունը: Հայ գրքի ցուցահանդեսի առնչությամբ նախարարը պարզաբանել է, որ այնտեղ ցուցադրվող հայերի և Հայաստանի մասին օտարագիր գրականությունը նախատեսվում է հանձնել ՀԱԳ-ին, որտեղ այն հատուկ սրահում մշտապես կցուցադրվի և բոլոր մասնակից երկրները կունենան իրենց լեզուներով Հայաստանը ներկայացնող ստենդներ:
Նախարարը նաև անդրադարձել է ծրագրի շրջանակներում Անդրեա Բոչելլի համերգին, աշխարհի առաջին տպագիր գրքերի ցուցահանդեսին, Անտոնիա Արսլանի գրքի շնորհանդեսին, «Հայկական գիրն ու գիրքը» հայ-իտալական համատեղ ցուցահանդեսին: Համատեղ նախագծերի շարքից կողմերը քննարկել են նաև հայ նշանավոր մտավորական, գրող, հրապարակախոս Հրանտ Նազարյանցի մասին իտալական հետազոտությունների գրքի համատեղ տպագրության ու թարգմանության հնարավորությունը:
Դեսպան Բրունո Սկապինին շնորհակալությամբ և պատրաստակամությամբ է ընդունել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայացրած ծրագրերը և հանդես եկել երկկողմ համագործակցության փոխադարձ առաջարկներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում