Ջորջ Քլունիին ազատ արձակեցին
Հոլիվուդյան կինոաստղ Ջորջ Քլունին նախօրեին ձերբակալվել էր Վաշինգթոնի ոստիկանության կողմից` Հարավային Սուդանի հումանիտար շրջափակման դեմ ուղղված բողոքի ակցիային մասնակցելու համար: Երեք ժամ անց, սակայն, դերասանն ազատ էր արձակվել` վճարելով 100 դոլար տուգանք: Ընդ որում Քլունիի հետ ձերբակալել էին նաև նրա հորը` հայտնի լրագրող Նիք Քլունիին:
«ԲիԲիՍի Ռաշն»-ի տեղեկացմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները մեղադրում են Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրին, որ նա երկրում հրահրել է հումանիտար ճգնաժամ` շրջափակելով սննդամթերքի և հումանիտար օգնության մուտքը երկիր:
Ազատ արձակվելուց հետո Քլունին հայտարարել է, որ համաձայն ամենալավատես կանխատեսումների` տասնյակ հազարավոր սուդանցիներ կմահանան սննդի պակասից: Իսկ դա ոչ թե սովի հետևանք է, այլ սուդանյան իշխանությունների հանցավոր գործողությունների արդյունք:
Կինոաստղը պարբերաբար մասնակցում է տարատեսակ իրավապաշտպան ակցիաների, իսկ վերջին շրջանում հատկապես ակտիվ է Սուդանի իրավիճակի առումով:
Ի դեպ, Քլունին ձերբակալվել է ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից մեկ օր անց. Հանդիպմանը Քլունին ու Օբաման քննարկել են Սուդանի խնդիրը և դերասանը շնորհակալություն է հայտնել նախագահին խնդրով հետաքրքրվելու համար: