Գ. Արսենյանին ԲՀԿ է բերել սեփական «ես»-ի հանդեպ անչափ մեծ սերը
Անդրադառնալով ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանի` ԲՀԿ ընտրացուցակում ընդգրկվելու որոշմանը` «Голос Армении»-ն նշում է, որ ամբողջ աշխարհում քաղաքական կուսակցության անդամներն առնվազն չէին ընկալի այն հանգամանքը, որ իրենց առաջնորդը, թողնելով սեփական կուսակցությունը, ընտրություններին մասնակցում է մեկ այլ կուսակցության ցուցակով:
Ինչպես նշում է թերթը` քաղաքական շրջանակներում այս կապակցությամբ կատակում են. «ԲՀԿ Արսենյանին ուղարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ ՀՀԿ-ի ընտրացուցակում արդեն տեղ չկար»: Անդրադառնալով Գուրգեն Արսենյանի քննադատությանը կառավարության հասցեին (վերջինս ասել է, թե ցանկանում է օր առաջ ազատել ժողովրդին պարտքեր կուտակող կառավարությունից)` «ГА»-ն հիշեցնում է Արսենյանին, որ ԲՀԿ-ն, ուր վերջինս այդքան ոգևորությամբ ընդգրկվել է, այդ նույն կառավարության կոալիցիոն անդամ է և խորհրդարանում էլ կողմ է քվեարկել կառավարության գրեթե բոլոր որոշումներին և մինչ օրս էլ չի հայտարարել կոալիցիայից դուրս գալու մասին: «Երկակի իրավիճակի մեջ չհայտնվելու համար Գուրգեն Արսենյանը ճիշտ կաներ, եթե պարզապես լռեր, իսկ ավելի ազնիվ լինելու դեպքում նա ուղղակի կխոստովաներ, որ սեփական քաղաքական նկրտումները ստիպել են իրեն ընտրությունների գնալ մեկ այլ կուսակցության ցուցակով»,-գրում է թերթը: