Հայկական դուդուկի ոգին` Իտալիայում
Օրերս Իտալիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել Թևանյան քառյակի համերգները, որոնք անցել են մեծ հաջողությամբ և արժանացել իտալացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Քառյակի վիրտուոզ երաժիշտների յուրաքանչյուր կատարումն ավարտվել է հանդիսատեսի` «բռավո» բացականչություններով:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում քառյակի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Լևոն Թևանյանը նշեց, որ համերգի հրավերն ստացել են Իտալիայի Ուդինե քաղաքի պետական ֆիլհարմոնիայի կողմից. դրա շրջանականերում էլ Իտալիայի տարբեր քաղաքներում անցկացվել են մնացած ութ համերգները:
«Համերգներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, իտալացիները մեծ հետաքրքրությամբ էին մեզ լսում: Ի դեպ, համերգներին 90 տոկոսից ավելի եղել են իտալացիներ, ովքեր հիացած լսում էին հայկական երաժշտությունը»,- ասաց քառյակի ղեկավարը:
Նշենք, որ Թևանյան քառյակը Իտալիայում համերգներ է ունեցել նաև 2011թ-ին: Առաջին համերգային շրջագայությունից հետո Իտալիայի կառավարությունը նրանց նորից հրավեր է ուղարկել: Լ. Թևանյանի խոսքերով` համերգները կազմակերպվել են բարձր մակարդակով, իսկ բոլոր ելույթներին մասնակցել են տվյալ քաղաքների քաղաքապետերը: Դուդուկահարը կարևորեց նաև Ուդինեի հայ համայնքի ղեկավար, քանդակագործ Դանիել Թեմրեզյանի հայապահպան գործունեությունը, ում շնորհիվ ևս իտալացիներն այսօր հաղորդակցվում են հայկական մշակույթի հետ:
«Ես ուրախ եմ, որ Իտալիայի տարբեր քաղաքներում ունենալով հայկական փոքր համայնքներ, Թեմրեզյանի նման մարդկանց շնորհիվ կարողանում ենք բարձր պահել հայ մարդու անունը, հայկական մշակույթը»,-ասաց Լ.Թևանյանը:
Քառյակի ղեկավարը նշեց, որ համերգային ծրագիրը սկսվել է հայկական հոգևոր երաշտությամբ, այնուհետև շարունակվել գուսանական, ֆոլկ երաժշտությամբ և ավարտվել քոչարիով:
«Ելույթները պարզապես մեկ անգամ ևս հաստատեցին, որ հայ մշակույթը որքան էլ որ հին է, այնքան էլ նոր ու հարազատ է»,- նշեց երաժիշտը և ավելացրեց, որ մեր երաժշտությունը հոգուց է գալիս, և ծրագիրն այնպես էր մշակված, որ հոգևոր հանգիստ երաժշտությանը հաջորդեր ֆոլկը, իսկ վերջում՝ հայկական ավանդական քոչարին: Իսկ նպատակը մեկն էր` մեկ համերգի ժամանակ հնարավորինս ներկայացնել հայկական հարուստ մշակութային ժառանգությունը:
«Ես ներկայացրեցի հայկական ավանդական փայտյա փողային գործիքները` բլուլ, շվի, թավշվի, դուդուկ, պարկապզուկ, պկու, զուռնա: Իտալացիներին զարմացրել էր ոչ միայն մեր երաժշտությունը, այլ նաև գործիքները»:
Նշվեց նաև, որ քառյակի երգիչ Արտավազդ Մելքոնյանը բոլոր համերգների վերջում ներկայացրել է իտալական մեկ երգ, որը բարձր է գնահատվել իտալացիների կողմից:
Այսպիսով, Թևանյան քառյակի կատարումները արժանացել են բարձր գնահատանքի, այդ մասին անդրադարձ է եղել նաև իտալական մամուլում և հեռուստատեսությունում:
Ի դեպ, նրանց պատվին ընդունելություն է կազմակերպել նաև Ֆրիուլի-Վենեցիա Ջիուլիայի փոխնահանգապետը, ով իր տպավորությունների մասին գրել է նաև մամուլում: Նա մասնավորապես նշել է. «Այս համերգների շնորհիվ մեկ անգամ ևս հնարավորություն ունեցանք գնահատելու հայ ժողովրդի բազմադարյան մշակույթը, իսկ Լևոն Թևանյանի կատարումները դուդուկով և մնացած փողային գործիքներով` հիացրեցին մեզ: Երաժշտությունը, ինչպես գիտենք, սահմաններ չի ճանաչում և հայկական երգերը մենք հաճույքով լսեցինք»: