Հովիկ Աբրահամյանը գտնվում է պետական պահպանության հսկողության ներքո
«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը երեկ Գյումրի է այցելել: «Զարմանալի զուգադիպությամբ, Աբրահամյանը Գյումրի է ժամանել վարչապետ Տիգրան Սարգսյանի` մեկ շաբաթ առաջ կատարած այցից հետո: Նման մի դեպք էլ եղել էր Սյունիքի մարզում: Նա եղել է ՀՀԿ նախընտրական շտաբում և հանդիպել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ՀՀԿ-ական պատգամավորների ու ՀՀԿ շտաբի անդամների հետ: Սակայն ուշագրավը ոչ այնքան բուն այցն է, որքան այցի ձևը. Հովիկ Աբրահամյանը եկել էր ոչ թե իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով, այլ «Պրադո» ջիփով: Ընդ որում, նրա մեքենան ուղեկցել են պետական թիկնազորի` ՊՊՎ երկու մեքենաներ: Ամենայն հավանականությամբ, թիկնազորը նրան տրամադրել է Սերժ Սարգսյանը: Իսկ սա նշանակում է, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը ևս գտնվում է պետական պահպանության հսկողության ներքո: Մինչդեռ որպես սովորական պատգամավոր` նա իրավունք չուներ պետական թիկնազորով շրջելու»,- գրում է թերթը: