Լոռու մարզպետը Ախթալայի կոմբինատի վերաբերյալ հետևություններ հետո կանի
Լոռու մարզպետարանը այժմ բանակցություններ է վարում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ղեկավարության հետ, որի աշխատակիցները մի շարք դժգոհություններ են ներկայացրել ինչպես մարզի ղեկավարությանը, այնպես էլ երկրի ղեկավարին:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, թե ինքը Ախթալայի քաղաքապետի ու կոմբիանատի աշխատակիցների հետ պայմանավորվել է, որ իրենց հուզող հարցերը նամակով կուղարկեն մարզպետարան և ընկերությանը, ընկերությունը պատասխանները կուղարկի թե մարզպետարան, թե քաղաքապետարան:
«Մենք հետևողական կլինենք, տեսնենք ընկերությունը իր պարտավորված ժամանակահատվածում կատարո՞ւմ է, թե՞ չէ»,-ասաց մարզպետը:
Հիշեցնենք, որ կոմբինատի աշխատակիցների` ՀՀ նախագահին ուղղած նամակից հետո վերահսկողության ծառայության հանձնարարությամբ մարզպետարանում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մարտի 7-ին քննարկում է ծավալվել: Աշխատակիցների բողոքին միացել են նաև Ախթլայի քաղաքապետն ու նրա եղբայրը` Հայկազ ու Վազգեն Խաչիկյանները, դժգոհություններ ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը:
Մանկապղծության մեղադրանքով անազատության մեջ գտնվող Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող կոմբինատի աշխատակիցները դժգոհում են ցածր աշխատավարձերից, իրենց իրավունքների խախտումներից, ապօրինություններից, հայտարարելով, թե Տեր-Պողոսյանի կինը աշխատանքից հեռացնում է դժգոհող աշխատակիցներին:
Մատնացույց են արվում նաև Շամլուղի բաց հանքի շահագործման հետ կապված վտանգները, չի բացառվում մեծ սահքի հնարավորությունը, որի դեպքում տասնյակ մարդիկ կենթարկվեն աղետի: Այդ տարածաշրջանից ընտրված պատգամավոր Կարեն Սարիբեկյանն էլ դժգոհել է, որ հանքանյութը տեղափոխվում է բաց եղանակով, չի ծածկվում, դա էլ աղտոտում է շրջակա միջավայրը:
Մարզպետը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս և այլ դժգոհություններին, ասաց, թե բարձրաձայնված բնապահպանական խնդիրները առաջիկա մեկ կամ երկու ամսում լուծելի հարցեր չեն: «Մենք գործարանի ղեկավարության հետ պայմանավորվել ենք, որ գործարանի զարգացման ծրագրերի մեջ անպայման ներառեն այդ հարցերը և մեզ ներկայացնեն, տեսնենք, զարգացման ինչ հեռանկարներ ունեն, ըստ այդմ հետևություններ կանենք»,-ասաց Ա. Նալբանդյանը, հիշեցնելով, որ այս պահին էլ ղեկավարության հետ բանակցությունների մեջ են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա