Բնապահպանները չեն մասնակում ոստիկանության հրավիրած կլոր սեղանին. «Ակտիվիստները ոստիկանների հետ սեղան չեն նստում»
«Այո, ակտիվիստները չեն գնում ոստիկանների հետ սեղան նստեն»,-այսպես մեկնաբանեց Մաշտոցի պուրակում տաղավարների դեմ պայքարող ակտիվիստներից Եղիա Ներսիսյանը` բնապահպանական մի քանի նախաձեռնությունների` ոստիկանության կազմակերպած կլոր սեղանին չմասնակցելը: Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը մի քանի նախաձեռնությունների ու քաղաքական ուժերի հրավիրել էր կլոր սեղանի շուրջ` քննարկելու մարտի 14-ին այգում ոստիկանության գործողությունները:
Այսօր Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակցիները, «Մենք ենք այս քաղաքի տերը»,«Մեր քաղաքը», «Թեղուտի պաշտպանության» և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունները հանդես են եկել հայտարարությամբ, նշելով. «Մենք միշտ ողջունել ենք համագործակցությունը ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ պետական ատյանների հետ, եթե այդ երկխոսության հիմքում դրված է հարգանքը ՀՀ Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների ու ազատություննների հանդեպ:
Մենք գտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մարտի 14-ին, ժամը 21.30-ին ծրագրված և կազմակերպված կերպով իրականացված իր պատժիչ գործողությամբ գործել է ոչ իրավաչափ և, բիրտ ուժ կիրառելով, խախտել է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս սահմանադրական իրավունքները: Այդ իրավախախտումների մասին մանրամասն տեղեկացվել են ՀՀ բոլոր պատկան մարմինները:
Մենք համոզված ենք, որ ՀՀ Սահմանադրության խախտումը բանակցությունների ենթակա չէ և պահանջում ենք անհրաժեշտ կամք դրսևորել պատասխանատվության ենթարկելու բռնարարքի հրաման տվողներին ու կատարողներին:
ՀՀ ոստիկանության կողմից իրավունքի գերկայությունն իր գործողությունների հիմքում հաստատելուց հետո մենք պատրաստ ենք միասին քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև` միասնական ուժերով հանրային տարածքը և սեփականությունը, մեր ազգային հարստությունը պաշտպանելու և անօրինական յուրացումը թույլ չտալու հարցերը: Հայտնում ենք նաև, որ Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիները կողմ են, որ նման քննարկումներն անցակացվեն այնպիսի ձևաչափով, որտեղ մուտքը կլինի ազատ, կարող են ներկա գտնվել ԶԼՄ-ների ներկայացուցիչները և ամեն ինչ կլինի թափանցիկ, բաց և հաշվետու:
Այսօր մենք չենք մասնակցելու Ոստիկանությունում կազմակերպված քննարկմանը և որևէ մեկին չենք լիազորում հանդես գալու մեր նախաձեռնությունների, կազմակերպությունների և Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիների անունից: Մենք վճռական ենք վերականգնելու մեր քաղաքացիական իրավունքներն ու իրավունքի գերակայությունը` հիմնված բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա»:
Քննարկումները ոստիկանությունում մեկնարկել են քիչ առաջ` ժամը 16.30-ին: Այս պահին բնապահպանները շարունակում են Մաշտոցի այգում ակցիաներ իրականացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա