««Մոզրովի» քարանձավում վիճակը վտանգավոր է». «Հայաստանում քարանձավների փրկության միակ ճանապարհը` տալ շահագործման»
Մշակույթի նախարարությունը թեև «Մոզրովի» քարանձավում կատարվածը համարեց քարաթափում, բայց վիճակը վտանգավոր է, ինչն անուշադրության հետևանք է: Այս մասին ասուլիսում ասաց «Փրկենք Մոզրովի քարանձավը» նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը:
Հայաստանի քարանձավագիտության կենտրոնի նախագահ Սամվել Շիրինյանն էլ ասաց, որ փլուզվել է մուտքը` թաց եղանակի պառճառով թուլացել ու ընկել են կախված քարերը: Մոզրովի քարանձավը 1973-74 թվականին է հայտնաբերվել, երբ տրակտորով ճանապարհ էր կառուցվում: Այդ ժամանակ փլուզում է եղել, նաև շատացել են ճաքերը ու կախված քարերը:
«Եթե ժամանակին տարհանվեին այդ քարերը, վտանգները քիչ կլինեին: Այժմ կախված քարերը վտանգ են ներկայացնում, որ ընկնելու դեպքում կարող են փակել մուտքը: Պետք է հատուկ ինժեներական տեխնիկայով փլուզել այդ կախված քարերը ու հանել: Սակայն դա երազանք է, քանի որ մեծ գումարներ են հարկավոր: Ընդհանրապես, քարանձավերի փրկության միակ ճանապարհը Հայաստանում դրանք շահագործման տալն է»,- ասաց նա:
Ըստ մասնագետի, այժմ կամայականորեն մարդիկ, որոշակի գումարներ աշխատելու համար, վերցնում են երեխաներին ու չիմանալով, թե ինչ է ստորգետնյա դատարկությունը, հանգիստ սրտով, առանց վախի մտնում են այնտեղ: Նա առաջարկեց` փակել մուտքը, վերացնել վտանգները` այսինքն կախված քարերը, այնուհետև տալ որևէ մեկին շահագործման ու նշանակել պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց ուղեկցությամբ մարդիկ մուտք կգործեն քարանձավ:
Գոռ Հովհաննիսյանն էլ ասաց, այս տարի Հայաստանին սպասվում է տուրիստական բում, բայց նման անուշադրության հետևանքով վտանգավոր կլինի իջնել քարանձավ: «Ահռելի ծախսեր են, բայց բնապահպաններով պատրաստ ենք այդ գումարները գտնել ու կգտնենք: Հայաստանում ու Հայաստանից դուրս կարող են գտնվել մարդիկ, ովքեր կտրամադրեն գումար»,- ասաց նա, միաժամանակ հայտնելով, որ բնապահպաններով դեռ երկու ամիս առաջ են դիմել մշակույթի նախարարություն, որ հնարավոր է եղանակի պատճառով փլուզումներ տեղի ունենան ու թույլտվություն են խնդրել, որ սահմանափակել քարանձավի մուտքը` այսինքն սահմանափակ թվով մարդիկ մտնեն, սահմանափակ ժամանակով ու պրոֆեսիոնալ մարդկանց ուղեկցությամբ, քանի որ հարկավոր է վերականգնել քարանձավի խոնավությունը, կանխել փլուզումները, սակայն դեռ որևէ պատասխան չկա:
Հիշեցնենք, որ Վայոց ձորի Գնիշիկի գյուղապետից մարտի 13-ին արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Մոզրովի» քարանձավում տեղի է ունեցել փլուզում: Քարանձավում, առաջին մուտքից 20 մ հեռավորության վրա, փլուզվել է մոտ 50-70 խմ հողազանգված, մասնակի փակելով երկրորդ մուտքը: Նշենք նաև, որ մշակույթի նախարարության մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Մոզրովի» կարստային քարանձավը չի փլուզվել, ավելին՝ քարանձավում փլուզումներ տեղի չեն ունեցել: Առկա է քարաթափության դեպք, ինչն ըստ ակնադիտական գնահատման` հետևանք է երկրաբանական և բնակլիմայական ազդեցության:
Նախորդող նորություններ՝ Եզրակացություն. «Մոզրովի» քարանձավը չի փլուզվել
Փլուզում Մոզրովի քարանձավում. Մասնագետները չեն կարողանում հասնել համապատասխան տարածք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին