«Ես չէի կարող հարմարվել». Կարինե Հակոբյանը կհայտարարի «Ժառանգություն»-ից դուրս գալու մասին
«Ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ընտրական պայքարից ու նաև «Ժառանգություն» կուսակցությունից», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը:
Նա ասաց, որ իր համար անհասկանալի սկզբունքներով է «Ժառանգություն» կուսակցությունում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը կազմվել: «Ամեն ինչ պետք է ունենա իր տրամաբանությունը և հիմնավորված լինի», -նկատեց տիկին Հակոբյանը:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք նեղացած է, որ ցուցակում անցողիկ տեղում իրեն չեն ընդգրկել և այդ պատճառով էլ լքում է կուսակցությունը, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Անցողիկի ու ոչ անցողիկի հարց չկա. երբ քեզանից առաջ դու անուն ես լսում, որի ներկայությունը ցուցակում հիմնավորված չէ, դա է անհասկանալի ինձ համար: Պետք չէ, ի վերջո պետք է պատասխանատու մոտենալ խորհրդարանին, այնպես չլինի, որ միանգամից գան ու երկրի բախտը որոշեն»:
Հնարավո՞ր է «Ժառանգության» ու Ազատ դեմոկրատների միասնական համամասնական ցուցակը պարտադրված է եղել Րաֆֆի Հովհաննիսյանին, հարցին ի պատասխան, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Ինձ համար անհասկանալի է այդ ամենը, ուզում եմ հավատալ, որ այդպես չի եղել»:
«Լավ, առաջ գնանք, պայքարենք, տեսնենք՝ ինչ կլինի: Ես չէի կարող հարմարվել ուղղակի», -կուսակցությունից դուրս գալու մտադրությունը հիմնավորեց Կարինե Հակոբյանը:
Նշենք` Կարինե Հակոբյանը սոցապ նախկին փոխնախարարն է եղել, նախորդ խորհրդարանական ընտրություններում մասնակցում էր ընտրություններին Արամ Սարգսյանի ղեկավարած Դեմոկրատական կուսակցության կազմում: Անդամակցել է «Ժառանգությանը» շուրջ 2 տարի առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները