Իրանի ԱԳՆ-ն կրկին բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին
Իրանի ԱԳՆ-ն կրկին բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության` Ադրբեջանի դեսպանի Իրանի ԱԳՆ կանչելու պատճառն Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հայտարարությունն էր առ այն, թե Ադրբեջանում ձերբակալված խմբավորումը կապված է եղել Իրանի հետ:
Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանն իր այդ գործունեությամբ հակասում է մոտ տասն օր առաջ Նախիջևանում երկու երկրների ԱԳ նախարարների և օրերս Թեհրան ժամանած Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին:
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի`Թեհրան կատարած այցի հաջորդ օրը` մարտի 14-ին, ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պետական դավաճանության մեղադրանքով 22 մարդ է ձերբակալվել, ովքեր մեղադրվում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հանձնարարությամբ Ադրբեջանում օտարերկրացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ:
Հավելենք, որ անցյալ ամսվա ընթացքում իրանական կողմն Ադրբեջանի դեսպանին երկու բողոքի նոտա և մեկ նախազգուշացնող հայտարարություն էր հղել:
Նախորդող տեղեկատվություն` http://panorama.am/am/analytics/2012/03/16/azerbaijan-iran/