Կարինե Հակոբյան. Երբ ինձ ասում են հեռու, ես հեռանում եմ. Կուսակցությունից հեռանալը իմ անձնական որոշումը չէ` դա փոխադարձ է
«Ես պետք է խոստովանեմ, որ երկու տարվա ընթացքում շատ ռազմավարական և մարտավարական հարցերում ունեցել եմ տարաձայնություն «Ժառանգության» կուսակցության հետ»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության արդեն նախկին անդամ Կարինե Հակոբյանը` ներկայացնելով կուսակցությունից հեռանալու պատճառները:
Ըստ բանախոսի` տարաձանություններից մեկը կապված է եղել օտարալեզու դպրոցների բացման նկատմամբ կուսակցության վերաբերմունքի հետ, որը Կ.Հակոբյանի կարծիքով` բավարար չէր: «Օտարալեզու դպրոցների հետ պայքարը չպետք է սկսվեր և ավարտվեր սոսկ մեկ հայտարարությամբ: Դա պետք է հասարակական համախմբման և պայքարի սկիզբը դառնար»,-ասաց նա, հավելելով, որ ինքը ավելի սկզբունքային է գտնվել. «Կուսակցությունից դուրս գալը ևս դրա դրսևորում է»:
Անդրադառնալով «Ժառանգութուն-Ազատ դեմոկրատներ» համատեղ ընտրացուցակից իր դժգոհությանը, բանախոսը կարծիք հայտնեց, որ ընտրացուցակը պետք է արտացոլի կուսակցության կադրային քաղաքականությունը: «Ամեն ինչ պետք է հիմնավորված լինի: Ես կողմնակից եմ քաղաքականության մեջ երիտասարդների մտնելուն, բայց նրանք պետք է լինեն իրենց քաղաքական դիրքորոշմամբ, կեցվածքով հասարակությանը հայտնի»,-ասաց Կ. Հակոբյանը և հավելեց.« Ազգային ժողովը փորձադաշտ չէ, որպեսզի մենք այնտեղ ուղղարկենք մարդիկ, նոր պարզենք, թե որքանով են դրանք ազնիվ, հայրենասեր: Այստեղ պետության մոտեցման խնդիր կա, և պատասխանատվության, թե ում ես դու գործուղում խորհդրարան»:
Ըստ բանախոսի` «Ժառանգության» կուսակցության շարքերում շատերն են դժգոհ ընտրացուցակից, բայց նման վճռականությամբ չեն պատրաստվում դուրս գալ այդ քաղաքական ուժի կազմից: «Շատերն են դեմ, շատերն են բողոքում, բայց իմ և նրանց տարբերությունն այն է, որ նրանցից շատերն են հայտնի դարձել Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով», - ասաց նա:
Կ. Հակոբյանի կարծիքով` կուսակցությունից հեռանալու որոշումը երկկողմանի է եղել և փոխադարձ: Նա հայտնեց, որ իր համար անհասկանալի է մնում այն տրամաբանությունը, թե ինչու է կուսակցության վարչության քարտուղարը հայտնվում ընտրացուցակի վերջին հորիզոնականում: Փաստացի, ըստ բանախոսի, այդպիսով` կուսակցությունն արձանագրում է, որ այդ մարդն իրեն այլևս պետք չէ: «Երբ ինձ ասում են հեռու, դա նշանակում է հեռու և ես հեռանում եմ: Այսինքն` կուսակցությունից հեռանալը դա իմ անձնական որոշումը չէ` դա փոխադարձ է»,-ասաց նա և հավելեց, որ այստեղ դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ կուսակցությունները ֆինանսապես անկախ չեն:
Նախորդիվ` «Ես չէի կարող հարմարվել». Կարինե Հակոբյանը կհայտարարի «Ժառանգություն»-ից դուրս գալու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները