Քուշկյանը կառաջարկի փոխել մանկավաճառ բժշկի աշխատանքի բնույթը
«Առողջապահության նախարարն առաջարկելու է, որ այդ կնոջ աշխատանքի բնույթը փոխվի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, անդրադառնալով այսօր Հարություն Քուշկյանին «Ոչ երեխաների վաճառքին» քաղաքացիական նախաձեռնության կողմից ուղղված բաց նամակին:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը մտահոգություն է հայտնում փաստի առթիվ, որ մանկավաճառ բժշկուհին` Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել նույն տեղում` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում:
«Մոտ 3 ամիս առաջ մենք բաց նամակով դիմել էինք Ձեզ` մեր զարմանքն ու զայրույթը հայտնելով առ այն, որ տխրահռչակ մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել, չնայած Վճռաբեկ դատարանի` նրա մեղքը հաստատող վճռին: Հենց նույն օրը Առողջապահության նախարարությունից խոստացան, որ քաղաքապետարանի հետ խնդիրը քննարկելուց հետո 3 օրվա ընթացքում որոշումը կհրապարակվի: Միայն մեկ ամիս անց Առողջապահության նախարարությունից մենք նամակ ստացանք, որ այս հարցը դեռ քննարկման փուլում է: Դրանից էլ ուղիղ երկու ամիս է անցել, բայց որոշումն այդպես էլ չի հանրայնացվել:
Եվ քանի որ գինեկոլոգ Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել նույն բուժհաստատությունում` քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում, իսկ Դուք լռում եք, մեզ մոտ կասկածներ են ծագում, որ իրավիճակը կոծկելու որոշակի շահագրգռվածություն կա:
Հուսով ենք, որ արդարությունն ի վերջո կհաղթի.դուք արժանվույնս «կգնահատեք» հանցագործ բժշկուհու արարքը և թույլ չեք տա նրան խաղալ այլ նորածինների ճակատագրի հետ ևս: Նման բժիշկների առկայությունը ստվերում է առողջապահության և, մասնավորապես, ծննդօգնության ոլորտը բարելավելու Ձեր եռանդուն ջանքերն ու խարխլում մարդկանց վստահությունը»,-ասված է բաց նամակում: Նախաձեռնությունից հայտնել են, որ նամակի կրկնօրինակը ուղարկվել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Կառաջարկենք աշխատի այնպիսի տեղ, որ ուղիղ առնչություն չունենա երեխաների, հիվանդների հետ»,-ասաց Շ. Հունանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները