Ադրբեջանական սադրանքը՝ պատասխան է Արևմուտքին
Մարտի 19-ին, Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետևանքով զինծառայող է սպանվել: Պարզվել է, որ սպանվածը ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի գումարատակի հրամանատար մայոր Արտակ Մնացականի Շահբազյանն է: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից առավել հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերը, Panorama.am-ը դրանց հնարավոր կանխման մասին զրուցեց քաղաքական գործիչների ու փորձագետների հետ:
Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը նշեց, որ Ադրբեջանը բոլոր սահմաններն անցնում է:
«Այսպես այլևս անհնար է, որքա՞ն կարելի է անտեսել, մի՞թե միջազգային հանրությունը չի նկատում այդ երկրի հանդուգն վարքագիծը: Ինչքա՞ն անմեղ մարդ պետք է զոհվի, որ միջազգային հանրությունը հասկանա, որ անհրաժեշտ է «ձգել Ադրբեջանի ականջները»: Ինձ ճիշտ հասկացեք, հարցն այն չէ, որ մենք չենք կարող պատժել Ադրբեջանին, մենք դա հաստատ կանենք, սակայն Ադրբեջանն իր այդ քայլերով վիժեցնում է ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունները: Ադրբեջանը չի կարող «մարսել» այդ ամենը, և եթե միջազգային հանրությունը համապատասխան վերաբերմունք չցուցաբերի, ապա հետևանքներն առավել ցավոտ են լինելու»,- ասաց Ա. Մխիթարյանը:
Ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը հիշեցրեց, որ օրերս և՛ Գերմանիայի ԱԳ նախարարը, և՛ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը մեկանգամ ևս խոսեցի ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունից, սակայն Ադրբեջանն այդպես էլ համապատասխան հետևություններ չարեց:
«Նմանատիպ միջադեպերի հաճախակիությունն անմիջականորեն կապված են Ադրբեջանի կողմից՝ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ հետաքննություն անցկացնելու մեխանիզմների մերժմանը: Ադրբեջանն անընդհատ իրավիճակի սրացմանն է գնում և դա է պատճառը, որ նա շարունակ հրաժարվում է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից: Նման քայլերով, Ադրբեջանը փորձում է հիշեցնել, որ պատերազմը դեռևս չի ավարտվել ու ինքը խնդրի լուծումը նաև ռազմական ճանապարհով է տեսնում: Նաև նկատելի է, որ ադրբեջանական կողմը ակտիվանում է հատկապես եվրոպացի չինովնիկների տարածաշրջանային այցերից հետո, դա նրանց պատասխանն է Արևմուտքին»,- հավելեց նա:
Նույն թեմայի շուրջ, փորձագետ Արթուր Պետրոսյանը նշեց, որ Ադրբեջանի պահվածքը կարելի բնորոշել որպես «պղտոր ջրում ձուկ որսալու» փորձ:
«Ադրբեջանի պահվածքը չպետք է անպատասան մնա: Հայկական կողմն ամեն կերպ հեռու է մնում շփման գծում անկայություն մտցնող գործողություններից, սակայն նման դեպքերից կարելի է ապահովագրվել միայն մեկ ձևով՝ համապատասխան արձագանքով, կտրուկ ու կոշտ: Ոչ մի սադրանք չպետք է անպատասխան մնա, այլապես Ադրբեջանը դառնում է առավել ագրեսիվ, իսկ նրա գործողությունները չափազանց վտանգավոր ու լկտի»,- ասաց փորձագետը: