ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն խաղում են քաղաքակիրթ կանոններով
Վերջերս Փարիզում կայացած ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի նիստին Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտն իր զեկույցում, անդրադառնալով ՀՀ-ում կայանալիք ընտրություններին, կոչ է արել քաղաքական ուժերին խուսափել բևեռացումից և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել ընտրությունների նկատմամբ հասարակական վստահությունը: «Ցավոք սրտի, Հայաստանում, ինչպես և մի շարք այլ երկրներում, ընտրությունների արդար և ժողովրդավարական լինելու ժխտումը հայտնվում է նախքան ընտրությունների անցկացումն ու դրանց կեղծման վերաբերյալ իրական փաստերի առկայությունը: Սա դարձել է մի շարք կուսակցությունների նախընտրական ռազմավարության մասը: Այս կապակցությամբ` մենք կոչ ենք անում ընտրությունների մասնակիցներին գիտակցել իրենց պատասխանատվությունը և չխաթարել հասարակական վստահությունը գործընթացի հանդեպ»,-ասված է զեկույցում:
Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է, որ հիմնական խոշոր կուսակցությունները` ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն, կարծես թե գիտակցում են այս թեզի կարևորությունը, պատահական չէ, որ իրենց նախընտրական կոչերում այս երկու կուսակցությունները շեշտը դնում են հավատ և վստահություն հասկացությունների վրա: Ըստ թերթի` որոշ վերլուծաբանների վախերը, թե Գագիկ Ծառուկյանը կարող է քաղաքացիական պատերազմ սկսել` անհիմն են, քանի որ վերջինս խաղում է ընդունելի և քաղաքակիրթ կանոններով, իսկ ՀՀԿ-ն, իր հերթին, չի համարում, որ ԲՀԿ-ի կողմից ավելի քան 20 ընտրատեղամասերում թեկնածուների ներկայացումը միմյանց հաշվին քաղաքական կշիռ չավելացնելու կոալիցիոն համաձայնագրի խախտում է: Թերթը նշում է, որ մարտի 1-ի և այլ երկրներում արյունալի հեղափոխությունների դասերը ստիպել են հայ հասարակությանը գիտակցել, որ նույնիսկ ամենաժողովրդավարական կարգախոսների ներքո իրականացվող հասարակական հակամարտությունը որևէ լավ բանի չի կարող հանգեցնել: