Թիվ 1-ը շարունակում է «թափուր» մնալ
Երևանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքը շարունակում է «թափուր» մնալ. Պատգամավորության թեկնածուների առաջադրումներին մնացել է մեկ օր, սակայն այստեղ որևէ առաջադրում դեռևս չի կատարվել: Այս ընտրատարածքից պատգամավոր ավանդաբար ընտրվում է ՀՀԿ-ական, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա վերջերս ասուլիսում պաշտոնապես հայտարարեց, որ չի առաջադրվելու, սակայն օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին, թե մտքափոխվել է ու ցանկություն ունի դարձյալ առաջադրվել նույն ընտրատարածքում:
Թիվ 1-ում առաջադրվելու մասին պաշտոնապես հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Երևանի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր, նախօրեին առաջադրվել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Այստեղ առաջադրվել են «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը, Հանրապետականից Արտակ Սարգսյանը (Սասի Արտակ), ինքնաառաջադրվել է Ալեքսան Մինասյանը: Այստեղ առաջադրվելու մասին էր Panorama.am-ին հայտնել նաև Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ, նախկին ՀՀՇ-ական Սուրեն Սիրունյանը: Լուրեր էին շրջանառվում, որ այս ընտրատարածքում առաջդրվելու մտադրություն ունի նաև «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Թիվ 5 , 13 և թիվ 7 ընտրատարածքներում առայժմ առաջադրվել են մեկական թեկնածուներ` Դավիթաշենի թաղապետ Արթուր Գևորգյանը, ՀՀԿ-ից` Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) և Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո):
Թիվ 9 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրվել է Նապոլեոն Ազիզյանը, ՀՀԿ-ից Ռուբեն Սադոյանը և նախօրեին «Ժառանգություն»-ից` Ռուբեն Հակոբյանը:
Թիվ 15-ում նախօրեին նոր առաջադրում է եղել. առաջադրվել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Մկրտիչ Սափեյանը: Այստեղ թեկնածուներ են նաև ՀՀԿ-ական Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը և ՕԵԿ-ական Ոսկեվազ գյուղի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա