Գ.Չուքասզյան. Հայաստանում ձևավորվել է այլընտրանքային քաղաքացիական իրականություն
Մաշտոցի այգում 40-օրյա նստացույցն ավելի ակնհայտ է դարձնում հայաստանյան իրականության մեջ իրարից խիստ տարբեր երկու տեսակ անհատների գոյությունը: Նման կարծիք այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը:
Ըստ բանախոսի` պուրակն այլևս զուտ բնապահպանական հարթակ չէ, այլ` հանրային հարաբերությունների նոր երևույթ:
Որպես իր խոսքերի պարզաբանում` նա հրապարակեց Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հանրային դատավճռի 2 պահանջները.
«Մաշտոցի պուրակի հանրային դատարանը որոշում կայացրեց, որ տաղավարները պետք է ապամոնտաժվեն, և քաղաքապետարանին պարտավորեցնում են բարեկարգել Մաշտոցի պուրակը: Այն այլևս միայն բնապահպանական հարթակ չէ, այլ այստեղ հավաքվում են հասարակության տարբեր ներկայացուցիչներ, շերտեր, այնտեղ տիրում է առողջ մթնոլորտ», - ասաց նա:
Ըստ Գարեգին Չուքասզյանի` այսօր արդեն Հայաստանում ձևավորվել է այլընտրանքային քաղաքացիական իրականություն, իսկ Մաշտոցի այգու պարագայում` նաև այլընտրանքային մշակույթ, որի խարիսխը մարդկային շփումն է: