Մարկոս Պիզելլի. «Ուզում եմ, որ աշխարհի 2014 թ. առաջնությունը ֆուտբոլային մեծ հաջողություն բերի իմ նոր հայրենիքին` Հայաստանին»
Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին ակումբային ամսագրի թղթակցին տված հարցազրույցում հիշել է Իգոր Ակինֆեևի դարպասը խփած գոլը, նշել իր դիրքում հանդես եկող լավագույն աշխարհահռչակ ֆուտբոլիստին և ավելացրել, թե ինչի շնորհիվ կրասնոդարյան ակումբը կարող է հայտնվել եվրագավաթների խաղարկություններում:
- Ռուս մարզասերների շրջանում Դուք հիշվում եք որպես այն ֆուտբոլիստը, ով «Եվրո-2012»-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Ռուսաստան-Հայաստան խաղում գրավեց Իգոր Ակինֆեևի դարպասը:
- Օ, այո, դա շատ կարևոր գոլ էր թե ինձ, թե իմ հավաքականի համար: Ինչպե՞ս կարող եմ դա մոռանալ: Հայաստանում աստիճանաբար ձևավորվում է շատ լավ հավաքական, և դա` հիմնականում այն բանի շնորհիվ, որ մենք հոգեբանորեն ավելի ամուր ենք դարձել, զգացել ենք, որ սեփական ուժերով շատ բաների կարող ենք հասնել: Հուսով եմ` մեզ կհաջողվի աշխարհի 2014 թ. առաջնության ուղեգիր նվաճել որակավորման փուլի արդյունքներով:
- Առավել ևս, որ առաջնությունն անցկացվելու է Բրազիլիայում:
- Ինձ համար առավել կարևոր է, որ այն ֆուտբոլային մեծ հաջողություն բերի իմ նոր հայրենիքին` Հայաստանին:
- Կենտրոնական հարձակվո՞ղ, թե՞ հարձակողական ոճի կիսապաշտպան. ո՞ր դիրքն է խաղադաշտում քեզ համար առավել հոգեհարազատ:
- Կիսապաշտպանությունը, թեև կարող եմ մասնակցել նաև սուր հակագրոհներին, ինչպես նաև գրոհել եզրից:
- Ո՞ւմ ես լավագույնը համարում այդ խաղային դիրքում:
- Զինեդին Զիդանին:
- Զգո՞ւմ ես, որ կարող ես դառնալ «Կուբանի» կարևոր մասնիկը:
- Անկասկած: Գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն ջանասիրաբար բացատրում է, թե ինչ է ուզում ֆուտբոլիստից: Կարծում եմ` հասկացել եմ, թե ինչպես պետք է գործեմ խաղադաշտում, որպեսզի իմ թիմին առավելագույն օգուտ բերեմ:
- Երևի թե Պետրեսկուն խնդրել է աշխատել պաշտպանությունում:
- Հավաստիացնում եմ, դրա հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Հասկանում եմ, որ ժամանակակից ֆուտբոլում հարձակվողը պետք է կարողանա հարկ եղած դեպքում օգնել նաև պաշտպաններին: Դա ինձ արդեն ծանոթ է Հայաստանի հավաքականից, ինչպես նաև Դոնեցկի «Մետալուրգից»:
- Ո՞րն է քո խփած գոլերից ամենագեղեցիկն ու հիշարժանը:
- Երևի թե 2009 թ. Հայաստանի առաջնությունում «Իմպուլսին» խփած գոլը: Գնդակն ստացա դաշտի կենտրոնում, տեսա, որ խաղընկերներս փակ են, և միայնակ գնացի առաջ: Խաբքերով անցա մի քանի պաշտպանների և 30 մետր հեռավորությունից գրավեցի դարպասը: Գիտեմ, որ Պրեմիեր լիգայում պաշտպաններն առավել փորձառու են, սակայն վստահ եմ, որ գեղեցիկ գոլերով կկարողանամ ուրախացնել կուբանցի երկրպագուներին: Եվ, ընդհանրապես, Ռուսաստանի առաջնությունը լավագույններից մեկն է Եվրոպայում, ուստի «Կուբան» տեղափոխվելս համարում եմ մեծ առաջընթաց: Առավել ևս, որ իմ ներկայիս ակումբը մեծ հնարավորություններ ունի` հանդես գալու եվրագավաթների խաղարկություններում: Իհարկե, մրցակցային մակարդակը շատ բարձր կլինի, սակայն ես հասցրել եմ նկատել, որ մեր թիմը շատ ընկերասեր է, լավն է ու հմուտ: Բացի այդ, ունենք բարձրակարգ մարզիչ և երկրպագուների մի մեծ բանակ: Այս ամենը լրացուցիչ և լուրջ հաղթաթուղթ է` լավ արդյունքների հասնելու համար:
Ավելացնենք, որ 27-ամյա Մարկոսն իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում նշեց 35-րդ տուրում «Ռուբինի» հետ խաղում` դառնալով հաղթական գոլի հեղինակ: