Սամվել Նիկոյան. ԱԺ-ն արժանապատվորեն կարձագանքի Թուրքիայում իրականացված ցեղասպանությունների դատապարտմանը
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից ԱԺ օրակարգ մտցրած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ օրերս խորհրդարանում անցկացված քվեարկության մասին որոշ ԶԼՄ-ներ տարածեցին տեղեկատվություն, թե ԱԺ-ն մերժել է այդ որոշման նախագիծը:
Panorama.am կայքի խնդրանքով անդրադառնալով այս հարցին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հերքեց այդ տեղեկատվությունը` նշելով, որ խնդիր է դրվել ավելի կշռադատված նախագիծ մշակել:
«Ցեղասպանությունների դատապարտումն այն հարցերից է, որի վերաբերյալ մեզանում իսկապես համազգային կոնսենսուս կա: Եվ Հայաստանի խորհրդարանը, որպես ցեղասպանություն ապրած ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին, չի կարող բացասական վերաբերմունք ունենալ ցեղասպանությունը դատապարտող որոշման կամ օրենքի նախագծերի նկատմամբ, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Օսմանյան Թուրքիայում պետականորեն մշակված ու պետական ամենաբարձր մակարդակով իրագործված ցեղասպանությանը: Ցեղասպանություների դատապարտումը երբեք չի կորցնում իր արդիականությունը որպես կանխարգելիչ քայլ հետագայում նման հանցագործություններ թույլ չտալու համար, առավել ևս Հայաստանի պարագայում, առավել ևս որ քաղաքակիրթ աշխարհն աստիճանաբար վճռականորեն մերժում է ցեղասպանության ժխտումը ոչ միայն բարոյապես, այլ նաև իրավական դաշտում»,- ասաց ԱԺ նախագահը:
Միաժամանակ Սամվել Նիկոյանը նշեց, որ ցեղասպանության դատապարտումն այն հարցն է, որի վերաբերյալ ընդունվող որոշումը պետք է անթերի, հիմնավոր և ծանրակշիռ լինի. «Այս տեսանկյունից դիտարկելով «Ժառանգության» պատգամավորների նախաձեռնած որոշման նախագիծը` նշեմ, որ Հայաստանի խորհրդարանը ոչ թե մերժել է ներկայացված նախագիծը, այլ առաջնորդվել է ավելի կշռադատված որոշում ընդունելու տրամաբանությամբ: Ողջունելով որոշման նախագծով առաջարկվող գաղափարը, միաժամանակ համարում եմ, որ պարտավոր ենք զերծ մնալ հարցին զգացմունքային մոտեցում ցուցաբերելուց և ընդունել «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանում ապրող հույների, ասորիների կողմից ընդունելի, ընկալելի և քաղաքականապես հասուն որոշում: Այնպես որ, նախագիծը գտնվում է մեր քաղաքական օրակարգում, եւ հաշվի առնելով դրա կարեւորությունը, կարծում եմ, լրամշակման համապատասխան աշխատանքներից հետո այն վերստին կքննարկվի: Համոզված եմ, որ Հայաստանի խորհրդարանը արժանապատվորեն կարձագանքի մարդու դեմ իրականացված ծանրագույն հանցագործության դատապարտմանը, որի համար պատասխանատվություն կրելուց այսօր էլ համառորեն խուսափում է Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները