Վայոց Ձորում 14 դպրոցների կանոնադրություններ պետական գրանցում չունեն
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից 2012 թվականին Վայոց ձորի մարզի կրթության վարչությունում և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանը, ներկայացնելով ստուգումների արդյունքները, նշել է, որ արձանագրվել են որոշակի թերություններ, որոնք առնչվել են դպրոցների կանոնադրություններին, մասնավորապես ստուգման պահին 14 դպրոցների կանոնադրություններ պետական գրանցում չեն ունեցել: Խորհրդակցությանը ներկա Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչն այս առնչությամբ նշել է, որ այդ բացթողումն արդեն շտկված է:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացված զեկույցի համաձայն՝ մարզի դպրոցներում կատարված ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված թերացումները հիմնականում վերաբերել են դպրոցական ուսումնական պլանների կազմմանը, առանձին դեպքերում ուսումնական պլանի և դասացուցակների անհամապատասխանություններին:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը նշել է, որ հաշվի առնելով նշված թերացումները, ինչպես նաև դրանք հետագայում բացառելու անհրաժեշտությունը, համապատասխան առաջարկ կներկայացվի մարզպետարան: «Տեսչության ուսումնասիրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական կրթական քաղաքականությունը տեղերում լիարժեք իրականացնելու առումով մեխանիզմների պակաս կա և նմանատիպ քննարկումները պետք է նպաստեն, որ այդ մեխանիզմները ստեղծվեն և ավելի արդյունավետ դառնան»,- նշել է Մանուկ Մկրտչյանը:
Խորհրդակցության արդյունքում առաջարկվել է ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության հանձնարարականների ու եզրակացության հիման վրա ձեռնարկել օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան