Թուրքիայի վարչապետ Էրդողանն առաջիկա օրերին կայցելի Իրան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 28-ին կայցելի Իրան:
Այդ մասին հաղորդում է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի վարչապետը Իրանի ղեկավարության հետ կքննարկի ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` ԻԻՀ Մեջլիսի նախագահի խորհրդական, ԱԳ նախկին փոխնախարար Հոսեյն Շեյխոլէսլամը վերջերս, խոսելով իրանա-թուրքական հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների մասին, նշել էր. «Թուրքիայի գործած սխալների պատճառով է, որ այդ երկիրը խնդիրներ ունի իր հարևանների հետ. Անկարան խնդիրներ ունի և՛ Իրանի, և ՛ Սիրիայի և ՛ Իրաքի հետ, բացի այդ, Թեհրանն ու Անկարան խնդիրներ ունեն նաև Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի տեղակայման հարցի շուրջ»: