Հ. Վարդանյան. Միքայելը պառլամենտ գնալու ժամանակ չունի
Երեկ ՀՀԿ ԳՄ որոշմամբ, թիվ 40-րդ ընտրատարածքում, ՀՀԿ-ն ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի փոխարեն որոշեց առաջադրել «Ինտերնեշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ մինչ այդ Panorama.am-ին տված հարցազրույցում պատգամավորի հայրը՝ գործարար Հրանտ Վարդանյանը վստահաբար հայտարարել էր, որ Միքայել Վարդանյանը նույն ընտրատարածքում կվերառաջադրվի: Ինչու այս կարճ ժամանակահատվածում փոխվեց իրավիճակը և ինչու գործարար ընտանիքը փորձեց ապագա խորհրդարան «գործուղել» ոչ թե երկու անգամ օրենսդիրում հայտնված որդուն, այլև սեփական շահերը ներկայացնող մեկ այլ թիմակցի, Panorama.am-ին պարզաբանում է Հրանտ Վարդանյանը:
«Մարինան մեր թիմից չէ, Հայաստանի գրագետ մարդկանց թիմից է: Պատրաստված նորմալ անձնավորությունների մեկն է, իրականում լավ մասնագետ: Իսկ թե ինչու փոխվեց որոշումը` ասեմ. Միքայելը այնքան տեղ ունի ծառայելու մեր պետությանը, պետականությանն ու մեր ժողովրդին, որ ինքը ժամանակ չունի պառլամենտ գնա: Դրա համար էլ ինքն առաջադրել է իրա գործադիր տնօրենին, որը սեփականատեր չի և շատ լավ մասնագետ ա, 6 լեզու գիտի, գիտի տեխնիկա և ամեն ինչ:
Նա շատ գրագետ և աշխատասեր կին է, որի նման այսօր Հայաստանում շատ քչերը կան: Շատ պատրաստված ու ամենակարևորը՝ սեփականատեր չի, ինչպես որ թերթերն են թմբկահարում ՝պառլամենտում սեփակատերեր են, օլիգարխներ են և այլն»:
Մեր այն դիտարկմանը, թե սեփական բիզնեսի շահերը ներկայացնելու համար է որդու փոխարեն ընտրվել Մարինա Մարաբյանը, պարոն Վարդանյանն ասաց.
«Բոլորիս շահերն է ներկայացնելու Մարինան ԱԺ-ում: Ծխախոտագործություն, սիգարետի արդյունաբերությունը... մեծ հաշվով` ժողովրդի շահն է: Այդ ոլորտը երկրի 5 -րդ հարկատուն է... դա ժողովրդի համար ա չէ՞: Մենք առանց մեր լավագույն աշխատողի էլ կարող ենք պառլամենտում մեր շահերն ունենալ»
Հարցին, թե իսկապե՞ս Միքայելն է հրաժարվել խորհրդարան գնալու մտադրությունից, թե այնուամենայնիվ իր փոխարեն որոշում է կայացվել, Հրանտ Վարդանյանն ասաց.
«Ոչինչ չի փոխվել իմ հարցազրույցից հետո: Պարզապես, երբ Միքայելը մի բան որոշում է այդպես էլ անում ա: Ես դերակատարում չունեմ Միքայել Վարդանյանի որոշման մեջ, նա ինքնուրույն մարդ է, Միքայել 40 տարեկան է, 2 ինստիտուտ է ավարտել և մեկն էլ արտասահմանում»:
Ինչ վերաբերում է Մարինայի ընտրվելու շանսերին, ապա գործարարը բարձր է գնահատում դրանք. «Ինձ թվում ա ընդեղ ոչ մի պրոբլեմ չպիտի լինի»: