Ոստիկանությունը մերժում է տեղեկանք տրամադրել ՕԵԿ թեկնածու «Խուճուճ Էդոյին»
Ոստիկանությունը զանգվածային լրատվամիջոցների հապարակումների հիման վրա ևս մեկ անգամ ուսումնասիրել է Երևանի թիվ 11 ընտրատարածքում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո)՝ վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու հարցը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցում են. «Անձը հաստատող այլ փաստաթղթի /վերադարձի վկայական/ տվյալներով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերադարձի վկայականով 13.08.2008 թ. Է.Մադաթյանը մուտք է գործել Հայաստանի հանրապետություն: Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տեղեկատվական բազայում առկա տվյալների 06.12.2004 թ.-05.08.2008 թ. ընկած ժամանակահատվածում Է. Մադաթյանը եղել է հետախուզման մեջ և այդ ընթացքում գտնվել Հայաստանի Հանրապետությունից դուրս:
Էդուարդ Մադաթյանի կողմից վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տվյալները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածով և ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածով նախատեսված «վերջին 5 տարում Հանրապետությունում մշտապես բնակվելու» պահանջին:
Վերոգրյալի հիման վրա և հաշվի առնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջները` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից Է. Մադաթյանին գրությամբ տեղեկացվել է, որ 15.03.2012 թ. տրամադրված տեղեկանքներում առկա տեղեկատվության փոխարեն վերջինս հիմք ընդունի տեղեկատվությունն առ այն, որ չի հանդիսանում վերջին 5 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և մերժվում է նրան վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների տրամադրումը: Գրության պատճեններն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով և թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով»:
Այս ընտրատարածքում Մադաթյանի հետ կատարվածից հետո «Օրինաց երկիր»-ն առաջադրել է Հեղինե Բիշարյանի թեկնածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա