Անցած մեկուկես տարում քաղաքացիների տեղեկացվածությունն ու գործիչների վարկանիշներն աճել են
Այսօր Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպությունը (ՀԵԲ) հրապարակել է. «Հարցում. նախընտրական պատկերը Հայաստանում» վերնագրով հետազոտության արդյունքները: Հարցումն անցկացվել է IPSC-ի և ՀԵԲ-ի կողմից, իսկ TNS opinion-ն ապահովել է որակի ստուգումը և ընդհանուր վերահսկողությունը:
Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2012թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ 2010 թվականի հոկտեմբերից 2012-ի մարտն ընկած ժամանակահատվածում հայաստանյան քաղաքական գործիչների մասին հանրության տեղեկացվածությունն աճել է:
Հետազոտության հեղինակները հարցմանը մասնակցած անձանց խնդրել են նշել հինգ հայտնի քաղաքական գործիչների անուն, որոնց մասին իրենք առավել տեղեկացված են:
Արդյունքների մշակումը ցույց է տվել, որ հարցվածներն առավելապես տեղեկացված են եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին` 52 %: 2010-ի հոկտեմբերին Գագիկ Ծառուկյանի դեպքում ցուցանիշը եղել է 20% (աճը` 32%): Երկրորդ հորիզոնականում նախագահ Սերժ Սարգսյանն է` 46%: Այս ցուցանիշը նախորդ հետազոտությունում նախագահի դեպքում կազմել է 33%: Հաջորդը` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն է` 34% (2010-ին` 11%), նրան հետևում են Լևոն Տեր-Պետրոսյանը` 20% (2010-ին` 11%), Տիգրան Սարգսյանը 18% (2010-ին` 20%), Արտաշես Գեղամյանը` 17% (2010-ին ԱՄԿ նախագահի անունը չի հիշատակվել), Րաֆֆի Հովհաննիսյանը` 15% (2010-ին` 8%), Վահան Հովհաննիսյանը` 12% (2010-ին` 5%), Պարույր Հայրիկյանը` 11% (8%) և Ռոբերտ Քոչարյանը 11% (7%):
Մյուս գործիչների հիշատակումների տեսակարար կշիռը 10%-ի շեմից ցածր է եղել:
Հարկ է նկատել, որ ներկայացվածներից միայն վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում է նախորդ հետազոտության համեմատ գրանցվել անկում` 2 տոկոսային կետով:
Քաղաքացիների տեղեկացվածությանը զուգահեռ առավել հստակ են դարձել նաև քաղաքական կողմնորոշումները: Արդյունքում` աճել են նաև առանձին գործիչների ընտրազանգվածները: Մասնավորապես, հետազոտության արդյունքներով, 2010 թվականի հոկտեմբերի համեմատ 2012-ի մարտին Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է 6 տոկոսային կետով, Գագիկ Ծառուկյանինը` 2-ով, իսկ ահա Արթուր Բաղդասարյանինն ու Վահան Հովհաննիսյանինը` 1-ական կետով նվազել է:
Հետազոտության հեղինակների հարցին` ո՞ւմ կտայիք Ձեր ձայնը եթե նախագահական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, հարցման մասնակիցների պատասխանները հետևյալ տեսքն են ունեցել. Սերժ Սարգսյանին` 33% (2010-ին` 27%), գագիկ Ծառուկյանին` 12% (2010-ին` 10%), Ռոբերտ Քոչարյանին` 6% (2010-ին` 5%), Լևոն Տեր-Պետորսյանին` 4% (2010-ին` 4%), Րաֆֆի Հովհաննսիայնին` 2% (2010-ին` 2%), Վահան Հովհաննիսյանին` 1% (2010-ին` 2%) և Արթուր Բաղդասարյանին` 1% (2010-ին` 2%):
2012-ի մարտի 1-ական տոկոս վարկանիշ են ունեցել նաև Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը և Պարույր Հայրիկյանը:
Նախորդող նորությունը` Մ. Քամբեք. «Հարցվածների 100 տոկոսը Սերժ Սարգսյանին ընկալում է իբրև փորձառու քաղաքական գործիչ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները