Հարցում. Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ առաջատարը, երբ հերթը հասնում է նախագահական նախապատվություններին
«Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպությունն այսօր հանրության դատին հանձնեց «Հարցում. Նախընտրական պատկերը Հայաստանում» հետազոտության արդյունքները:
Հարցումը ներկայացնելուց առաջ ՀԵԲ գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքն այսօրվա ասուլիսում նախևառաջ նշեց, որ հետազոտությունը լրիվ անկախ սկզբունքով է անցկացվել և բոլոր տվյալները համապատասխանում են միջազգային բոլոր չափորոշիչներին.«Մենք սովորել ենք այն իրավիճակին, որ առկա է Հայաստանում` յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ անցկացվում են տարատեսակ հարցումներ, բայց մեզ համար շատ կարևոր էր չեզոք հարցում անցկացնել: Թեև մենք 100 տոկոս վստահությամբ չենք կարող ասել, բայց մի բան անկասկած է` տվյալները չեզոք են»,- հայտարարեց նա:
Հարցումը զուգահեռներ է անցկացրել 2010թ-ի հոկտեմբերի հետ, երբ անցկացվել է նմանատիպ հետազոտություն և երբ նախընտրական ժամանակահատված չէր: Ըստ հարցման արդյունքների, ընտրությունների նախաշեմին բոլոր խոշոր կուսակցությունների մասին տեղեկացվածությունը կտրուկ աճել է. առաջին տեղում է ԲՀԿ-ն, երկրորդում ՀՀԿ-ն և այլն:
Նույն ժամանակահատվածում աճել է նաև տեղեկացվածությունը կոնկրետ քաղաքական գործիչների մասին: Եվ եթե երկու տարի առաջ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի անունը առաջատարն էր, քանի որ ավելի մեծ թվով մարդիկ գիտեին նրա մասին, ապա այս հարցման ընթացքում առաջատար է դարձել Գագիկ Ծառուկյանը: Բայց. «Գ. Ծառուկյանը առավել ժողովրդականություն վայելող կուսակցության ղեկավարն է, մինչդեռ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ առաջատարը, երբ հերթը հասնում է նախագահական նախապատվություններին»,- շեշտեց Մ.Քամբեքը:
Ամենակարևորը` վիճակագրորեն նշանակալի աճել են միայն ՀՀԿ և ՀՅԴ վարկանիշները:
Հետազոտության ընթացքում հարցվածների 64 տոկոսը նշել է, որ միանշանակ կմասնակցի ընտրություններին: Իսկ եթե ընտրությունները լինեին հենց այս կիրակի, ապա ձայների հարաբերկացությունը կլիներ հետևյալ կերպ` ԲՀԿ-ն կստանար 41 տոկոս, ՀՀԿ-ն` 37 տոկոս.«ԲՀԿ-ն այս պարագայում մի փոքր առաջ է, բայց նշանակալի առումով տարբերություն նրա ու ՀՀԿ-ի միջև չկա, քանի որ մենք չենք կարող բացարձակ վստահորեն ասել, թե այս կուսակցությունն առաջինն է: Բայց մենք վստահ կարող ենք ասել, որ այս երկու կուսակցությունները առաջնորդներ են: Մենք համոզված ենք, որ նրանք առաջնորդներ են»,- հայտարարեց բանախոսը:
Ինչ վերաբերում է Դաշնակցությանն ու ՀԱԿ-ին, ապա երկուսն էլ կվաստակեին 5 տոկոս, իսկ ահա «Ժառանգությունը»` 4 տոկոս: Մ.Քամբեքի խոսքերով` մեծ է անորոշության տոկոսը և իրականում շատ բարդ է ասել, թե բացի առաջատար երկու կուսակցություններից էլ ի՞նչ կուսակցություններ կարող են անցնել Ազգային Ժողով:
Նշենք, որ հարցումն անցկացվել է IPSC-ի և ՀԵԲ-ի կողմից, իսկ TNS opinion-ն ապահովել է որակի ստուգումը և ընդհանուր վերահսկողությունը. դաշտային աշխատանքներն իրականացվել են 2012թ-ի փետրվարի 29-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում:
ՀԵԲ-ը հիշյալ հարցումն իրականացրել է ոչ որպես տեղական և ոչ կուսակցական հասարակական կազմակերպություն և հենց անաչառության ու որակի հնարավոր ամենաբարձր չափանիշներն ապահովելու համար հարցման ողջ ընթացքը վերահսկվել է հարցումներ իրականացնող հայտնի TNS opinion միջազգային կազմակերպության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները