Ա. Դավթյան. Ձևաչափի փոփոխություն առանց հայկական կողմերի համաձայնության, անհնարին է
«Մենք ընդհանրապես ոչ միայն Ֆրանսիայի, այլ առհասարակ, ձևաչափի փոփոխությանն ենք դեմ, որովհետև անցած տարիներն ապացուցել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայիս ձևաչափը լավագույնն է: Այն, որ հրադադարի պայմանագրի կնքումից ի վեր, խաղաղությունը պահպանվում է, դա արդեն իսկ խոսում է ձևաչափի արդյունավետության մասին: Ու եթե դրան էլ գումարենք կատարված ահռելի աշխատանքը, ապա այդ պարագայում արծարծվող փոփոխություներն ուղղակի անիմաստ են»,- մեկնաբանելով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջարկները՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը փոխարինել ԵՄ-ի մանդատով:
«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մոտեցումը նոր չէ: ԵՄ-ն ինքը բավականին բազմադեմ է, սակայն համոզված եմ, որ Ֆրանսիայի փոխարինումը ԵՄ-ով չի կարող արդյունավետ լինել: Ավելին, այն առավել կխճճի խաղաքարտերը: Ղարաբաղյան խնդիրը նաև բազմաշերտ է, կան բազմաթիվ նրբություններ, որին տիրապետում են համանախագահ երկրները: Պատկերացրեք, դրան հերթականությամբ ներգրավվեն ԵՄ անդամ 27 երկրները: Նրանք պետք է առանձին ուսումնասիրեն թեման, ինչը ոչ միայն չափազանց աշխատատար է, այլ նաև բավականին ժամանակ է պահանջում»,- ասաց Ա. Դավթյանը:
Քաղաքական գործիչը չբացառեց, որ որոշ երկրներ պարզապես խանդով են վերաբերվում Ֆրանսիայի կողմից նման պատասխանատու դերակատարման ստանձմանը կամ էլ՝ պարզապես փորձում են ԼՂ հարցի ներգրավվածությամբ բարձրացնել իրենց քաղաքական կշիռը: «Մեզ համար դա անթույլատրելի է, իսկ ձևաչափի փոփոխոխություն առանց հայկական կողմերի համաձայնության, անհնարին է»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան