Եթե Ջհանգիրյանի հույսը չարդարանա, կդիմի ՍԴ` վիճարկելու «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որը խորհրդարանն ընդունեց մարտի 21-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ, հակասահմանադրական է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի իրավական հարցերի հանձնախմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը:
Նշենք, որ այս օրինագիծը բողոքի մեծ ալիք էր առաջացրել խորհրդարանական ընդդիմության շարքերում, և կառավարությունը առաջին անգամ պատգամավորներին ներկայացման ժամանակ հետ կանչեց ու փոփոխություններով դարձյալ ներկայացրեց ԱԺ: Դրանից հետո «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» կառավարության կողմից լրամշակված օրինագծում ավելացել էր դրույթ, որը սահմանում էր, թե որն է լինելու Զինված ուժերի անելիքը արտակարգ դրության ժամանակ: Ըստ այդմ, եթե Ոստիկանության ուժերը չեն բավարարում և եթե արտակարգ դրության ժամանակ ներգրավվում են Զինված ուժերը, ապա դրանց ներգրավումը պետք է առավելապես ուղղված լինի անօրինական զինված խմբերի դադարեցմանը, արտակարգ իրավիճակների կանխմանը, ռեժիմային, հատուկ ռեժիմային եւ հատուկ պահպանվող օբյեկտների պաշտպանությանը: Օրենքով արտակարգ դրություն է հայտարարվում միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին:
Այսօր ասուլիսում Ջհանգիրյանը մատնանշեց Եգիպտոսում, Սիրիայում տեղի ունեցող դեպքերը, երբ բանակը միջամտում է ու պատերազմում սեփական ժողովրդի հետ: «Ի վերջո զոհվում են հազարավոր մարդիկ»,-հավելեց Ջհանգիրյանը:
Նրա խոսքով, Հայաստանում Սահմանադրությունն ու սահմանադրական նորմերը բարձրագույն իրավաբանական ուժ ունեն և կիրառվում են անմիջականորեն:
«Եթե որևէ օրենք հակասում է Սահմանադրությանը, ապա գործում է Սահմանադրությունը և ոչ թե այդ օրենքը կամ ենթաօրենսդրական ակտը: Հետևաբար իշխանությունները, ինչքան էլ ցանկանան, այս օրենքի ընդունմամբ չեն կարող վերացնել բանակի, զինված ուժերի ներգրավման հակասահմանադրականությունը արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում: Դա նրանց չի հաջողվելու», -հայտարարեց Ջհանգիրյանը:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է Ջհանգիրյանը դիմել Սահմանադրական դատարան և վիճարկել օրենքի սահմանադրականությունը, նա պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ այսօրվա ասուլիսը կհուշի Հայաստանի իշխանություններին և քանի դեռ օրենքը չի վավերացվել, վետո կիրառել դրա նկատմամբ: Հույս հայտնենք, որ վետո կկիրառվի օրինագծի նկատմամբ: Եթե այդպես էլ չլինի, ապա մենք ամեն ինչ անելու ենք, որ ի ցույց դնենք սրա հակասահմանադրականությունը»:
Լրագրողի հարցին, թե ինչու է հենց նախընտրական շրջանում խորհրդարանն ընդունել այս օրենքը, Ջհանգիրյանն ասաց, որ ընտրություններին ընդառաջ այս թոհուբոհի մեջ ամեն ինչ աննկատ է անցնում, քանի որ «հասարակության ու քաղաքական ուժերի այս շրջանում ուշադրությունը բթացած է»: «Սա նաև մեսիջ է հասարակությանը, որ մենք ոչ մի բանի առաջ կանգնող չենք` բարի եղեք ձեզ զգույշ պահել», -հավելեց Ջհանգիրյանը:
Օրինագծին խորհրդարանում դեմ էր քվեարկել խորհրդարանական ընդդիմությունը, որը նույնպես մտադիր է ստորագրություններ հավաքել ու դիմել ՍԴ` օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար:
Նախորդող լուրեր. «Դահլիճում եղել է 63 պատգամավոր». օրինագիծն ընդունվեց 67 կողմով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում