Թաթուլ Մանասերյանի` Հայաստանի մրցակցային առավելությունների մասին զեկույցն արժանացել է հատուկ մրցանակի
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը մարտի 19-22-ը մասնակցել է Գործարարության զարգացման ակադեմիայի կողմից կազմակերպված ամենամյա միջազգային կոնգրեսին, հանդես եկել զեկույցով, որն արժանացել է հատուկ մրցանակի:
Կոնգրեսն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Աժման քաղաքում, մասնակցել են 32 երկրների /ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Հնդկաստան, Գերմանիա, Ղազախստան, Ռուսաստան, Ֆինլանդիա և այլն/ 500 ներկայացուցիչներ: Կոնգրեսն ամենամյա է, Հայաստանի ներկայացուցիչը մասնակցում է առաջին անգամ: Մանասերյանի թեկնածությունը կոնգրեսին մասնակցելու համար ներկայացրել է Արևմուտքի տնտեսագիտական ընկերակցությունը, որին ինքն անդամակցում է:
«Հայաստանի մրցակցային առավելությունները և դրանց իրացման հեռանկարները տարածաշրջանում ու համաշխարհային տնտեսությունում» թեմայով զեկույցում, ինչպես Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց հեղինակը, անդրադարձել է Հայաստանի ու հետխորհրդային երկրների տնտեսություններում առկա մարտահրավերներին ու խնդիրներին, ապա խոսել գրանցված առաջնընթացի մասին:
Զեկույցում հեղինակն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը, տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաներին, նանոտեխնոլոգիաներին, որոնք, ըստ Մանասերյանի, կանխորոշում են Հայաստանի մրցակցային առավելությունները:
«Միաժամանակ մատնանշեցի խնդիրները, որոնց լուծումները հնարավորություն կընձեռի առաջիկա տասնամյակում Հայաստանը վերածել տարածաշրջանային գիտական-կրթական կենտրոնի և հաջողությամբ իրացնել Հայաստանի մրցակցային առավելությունները տարածաշրջանում, միջազգային շուկայում գտնել այն հատվածը, որը մատչելի ու հասանելի կլինի Հայաստանի տնտեսության համար»,-ասաց Մանասերյանը, ավելացնելով, որ դրանք պայմանավորված են ինչպես երկրի ներսում ընթացող բարեփոխումներով, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներով` Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, համագործակցության հեռանկարների կոնտեքստում:
Մանասերյանի խոսքով, կոնգրեսի նախագահությունը նշված հեռանկարները համարել է իրատեսական և Հայաստանի, և հետխորհրդային մյուս երկրների համար:
Հայ տնտեսագետը կոնգրեսում առիթ է ունեցել նախագահելու նաև մի սեկցիա` նվիրված զարգացող երկների վրա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին