Մարտի 12-ից դիտարկվում են այն թերթերը, որոնք ունեն 3000 և ավելի տպաքանակ և հանրապետական սպառում
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում 2 ընտրական գործընթացներին» ծրագրի շրջանակներում 2,5 ամիս դիտարկվելու է հայաստանյան 16 թերթերի այն հրապարակումները, որոնք վերաբերում են ընտրական գործընթացներին: Այս մասին ասուլիսում հայտարարեց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանը:
Նա նշեց, որ մոնիտորինգը սկսվել է մարտի 12-ից, դիտարկվում են այն թերթերը, որոնք ունեն 3000 և ավելի տպաքանակ և հանրապետական սպառում («Իրատես դե ֆակտո», «Ազգ», «Իրավունք», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ», «Երկիր», «Ժամանակ»,«Ժողովուրդ», «Չորրորդ ինքնիշխանություն», «Հրապարակ», «168 ժամ», «Առավոտ», «Հայացք», «Օրակարգ», «Голос Армении», «Новое Время»):
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի վարչության անդամ Մովսես Դեմիրճյանն էլ ներկայացրեց մոնիթորինգի մեթոդաբանությունը: Նա ասաց, որ ընտրական գործընթացներին վերաբերող թեման ենթարկվելու է քանակական ու որակական վերլուծության: Քանակական վերլուծությունը ենթադրում է` թե հոդվածը թերթի որ էջում է, որ մասում, ինչ ծավալ ունի, իսկ որակականը` տեղեկատվությունը ներկայացված է հավասարակշիռ, թե ոչ, եթե ոչ, ապա քաղաքական, որ ուժին է նախապատվությունը տրվել, տեղեկատվության աղբյուրը պաշտոնական է, թե ոչ, ինչպես է մեկնաբանվել լուրը, արդյոք օգտագործվել են մանիպուլիացիոն հնարքներ, թե ոչ, նաև` ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների ու դաշինքների անունները, նրանց անվան հապավումները, ինչպես նաև գործիչների անունները:
Տ. Փիրումյանն ասաց, որ մոնիթորինգի նպատակն է պարզել, թե հանրությանը որքան հավասարակշռված տեղեկատվություն է տրամադրվում ընտրական գործընթացների մասին, որքանով է մամուլը կատարում իր հիմնական գործառույթը` այսինքն հանրությանը տեղեկացնելու ու կողմնորոշելու: «Այս ամենը կօգնի հասկանալ, թե թերթ սպառողներին ինչ տեղեկատվություն է հասնում, ու ինչի վրա հիմնվելով են կատարելու ընտրություն»,- ասաց նա: Նա նաև ասաց, որ մոնիթորինգի համար տրամադրված է 9900 եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները