Ր. Հովհաննիսյանը պատրաստ կլինի հանել իր թեկնածությունը թիվ 7 ԸՏ-ից, եթե ընդդիմադիրներով նման որոշում կայացնեն
«Երբ առաջադրեցի իմ թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքում, չգիտեի, որ կլինի ընդդիմադիր այլընտրանքային թեկնածու: Անցած կիրակի, «Ժառանգություն» խորհրդի նիստից հետո, հետևելով օրախնդիր զարգացումներին, սպասում էի մինչև վերջին օրը` հասկանալու համար, թե որ ընտրատարածքն է մնալու առանց այլընտրանք: Իմ վրա վերցրեցի այդ այլընտրանքը, չիմանալով էլ ով կառաջադրվի այդտեղ»,- այս մասին ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանն առաջադրվել են թիվ 7 ընտրատարածքում, նույն տեղում առաջադրվել է նաև Սամվել Ալեքսանյանը, ում պաշտպանելու մասին հայտարարել է ՀՀԿ-ն: Փաշինյանը հայտարարել էր, թե իր համար անակնկալ էր Հովհաննիսյանի առաջադրումը: «Չեմ թաքցնի, ինձ համար կատարյալ անակնկալ էր առաջադրվածների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի անունը տեսնելը»,-հայտարարության մեջ նշել է ՀԱԿ ներկայացուցիչը:
Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկեց, որ նրանք, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր կուսակցություններ, դաշինք, ինքնաառաջադրված թեկնածուներ, նստեն մի սեղանի շուրջ, ողջամիտ շրջահայաց եղանակով, համալիր մեթոդաբանությամբ առաջ գնալով քննարկեն ու յուրաքանչյուր ընտրատարածքում թողնեն միասնական մեկ ընդդիմադիր թեկնածու: Ր. Հովհաննիսյանն ընդգծեց, որ եթե քննարկման արդյունքում այնպես ստացվի, որ ինքը պետք է հանի իր թեկնածությունը, նա պատասխանեց. «Ինչպես միշտ»: Միաժամանակ ասաց, որ ինքը համոզված է, որ նման քննարկման արդյունքում կհանգեն ողջամիտ որոշման:
Իսկ թե ինչո՞ւ է ինքնաառաջադրվել հարցին, նա պատասխանեց, որ «Ժառանգության» համագումարում որոշում էր ընդունվել կուսակցության խորհրդին վերապահել ընտրություններին վերաբերող որոշումները:«Իսկ ես սպասել էի վերջին օրվան ու իրատեսական չէր գումարել խորհրդի նիստ»,- ասաց նա, ապա նշեց. «Երեկ առավոտյան երբ արթնացա ու տեսա «գրազի մասին խոսակցությունը», որոշեցի, որ պետք է լինեմ այլընտրանք այդ ընտրատարածքում»: Երեկ ժամը 19-ին է տեղեկացել, որ այդ ընտրատարածքում առաջադրվել է նաև Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ինչ որ մեկի պատվերը կատարելուն, Ր. Հովհաննիսյանն ասաց. «Իմ պատվերը գալիս է իմ խղճից, հավատից ու սիրուց և ոչ մի տեղից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները