Թամամյանը դատապարտվեց 4 տարի ազատազրկման
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց Ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին պետ Թամամյանի դատավճիռը, որով նա դատապարտվեց 4 տարի ազատազրկման:
Պատժի կիրառումը կհաշվարկվի նախորդ տարվա մարտի 24-ից:
Մյուս ամբաստանյալները` ոստիկանության նախկին պաշտոնյաներ` Վահան Խանզադյանն ու Արմեն Պողոսյանը ազատ արձակվեցին դատարանի դահլիճից` նրանց նկատմամբ պատիժը որոշվեց պայմանական չկիրառել և նշանակել երկու տարի փորձաշրջան:
Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանն այսօր դատական նիստում ունեցած իր պաշտպանական ճառում նշել էր, որ Հովհաննես Թամամյանին երկարատև ժամանակով ազատազրկելով` սոցիալական արդարությունը չի վերականգնվի և միջնորդել էր պայմանականորեն չկիրառել պատիժը, ազատ արձակել ու մեկ տարի ժամկետով փորձաշրջան նշանակել:
Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը նախորդ դատական նիստում 4 էջից կազմված մեղադրական ճառում ներկայացրել էր մեղադրանքը և նկատել, որ Թամամյանի, Վահան Խանզադյանի և Արմեն Պողոսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքեր գործում առկա չեն: Այնուհետև նշել էր, որ ամբաստանյալները համաձայնել են մեղադրանքի հետ և ընդունել են իրենց մեղքը, նաև նրանք երեքն էլ իրենց խնամքի տակ ունեն մինչև 14 տարեկան երեխաներ, հետևաբար կսահմանվի մեղմ պատիժ:
Հարություն Հարությունյանը դատարանին միջնորդել էր Հովաննես Թամամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգքրի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման երկու տարի ժամկետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման դատապարտել 3 տարի ժամկետով, պետական մարմիններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Եվ հանրագումարի գալով, դատախազը վերջնական պատիժը պահանջել էր ազատազրկում 4 տարի ժամկետով, պետական մարմիններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:
Մյուս երկու ամբաստանյալներին դատախազը ազատազրկում էր պահանջել երկու տարի ժամկետով և պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան երկու տարի ժամկետով, նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել և դատական նիստի դահլիճում ազատել կալանքից:
Դատավճռի եզրափակիչ մասն` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները