Նախագահ Սարգսյանն այցելեց ԵՊԲՀ հիվանդանոցային համալիր
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը շրջեց համալիրի վերաբացվող նոր բաժանմունքներով, ծանոթացավ վերանորոգման աշխատանքների արդյունքներին, ինչպես նաև տեխնիկական հագեցվածությանը:
Բուժական և կրթական բաղադրիչներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով դեռ անցած տարվա հունիսին թիվ 1 հիվանդանոցային համալիրից «Մուրացան» համալիր են տեղափոխվել մանկական բաժանմունքները: Բուժման ժամանակակից մեթոդներին ուսանողներին հաղորդակից դարձնելու և առաջատար տեխնոլոգիաներից օգտվելու համալսարանական մասնագետների փորձի ցուցադրման հնարավորություններ ստեղծելու նպատակով վերանորոգվել են մասնաշենքի երկու հարկերը: Շինարարական աշխատանքների նպատակով կատարվել է 421 միլիոն դրամի ներդրում, որոնք ամբողջովին իրականացվել են ԵՊԲՀ-ի սեփական միջոցների հաշվին:
Հիմնանորոգումից ու վերազինումից հետո երկու հարկերում կենտրոնացվել են նախկինում ոչ բարվոք վիճակում գտնվող վիրահատական ուղղվածություն ունեցող կլինիկաներն ու ութ վիրահատարանները` ընդհանուր վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանության, փոքր ինվազով անոթային վիրաբուժության, դիմածնոտային վիրաբուժության, այլ վիրահատարաններ:
Լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ նախկին շրջանավարտ Արմեն Աշոտյանտ կարևորեց համալիրի մասնաշենքում իրականացված վերանորոգման աշխատանքները. «Դա ևս մի ապացույց է, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունը տարեցտարի զարգանում է և բուհերը կարողանում են միջոցներ գտնել, որպեսզի ապահովեն ուսուցման համապատասխան բազան», - ասաց նախարարը, շեշտելով, որ ԵՊԲՀ-ն խոշոր դերակատար է նաև առողջապահության ոլորտում: Նա վստահություն հայտնեց, որ վերաբացված ենթակառուցվածքները լավագույն կերպով կծառայեն և երիտասարդ մասնագետների պատրաստմանը, և ազգաբնակչության առողջության պահպանմանը:
ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանը, իր հերթին լրագրողներին ասաց, որ վերաբացված բաժանմունքները հատկապես կնպաստեն կրթական գործի արդիականացմանը: «Յուրաքանչյուր վիրահատարանում կատարվող վիրահատության ընթացքին ուսանողները կհետևեն հատուկ այդ նպատակով տեղակայված մեծ մոնիտորների օգնությամբ: Բոլոր վիրահատությունները կտեսագրվեն և կպահպանվեն որպես ուսումնական վարույթի հաղորդմամբ», - հայտնեց Դ.Դումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա