Այսօր Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է. ՀՀ-ում տուբերկուլոզով հիվանդների բուժումն անվճար է
1882 թվականի մարտի 24-ին Ռոբերտ Կոխը հայտնաբերել է տուբերկուլոզի հարուցիչը: 100 տարի անց, 1982 թվականից ողջ աշխարհում յուրաքանչյուր տարի մարտի 24-ը նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր, որի հիմնական նպատակն է առավել համախմբված և արդյունավետ դարձնել տուբերկուլոզի դեմ պայքարը:
Տուբերկուլոզը առողջապահության առավել բարդ խնդիրներից մեկն է ողջ աշխարհում: Ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլոզի մոտ 9 մլն նոր դեպք և 2 մլն մարդ մահանում է այս հիվանդությունից:
Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարն իրականացվում է ՀՀ Կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ հաստատված «2007-2015թթ. Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում», որի հիմքում ընկած են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և նպատակները:
ՀՀ-ում տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումը, բուժումը և հետագա վերահսկումը իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, լիովին անվճար: Ժամանակին և ճիշտ կազմակերպված բուժման դեպքում տուբերկուլոզը լիարժեք բուժվում է: Չբուժվելու դեպքում վարակիչ հիվանդը 1 տարվա ընթացքում վարակում է 10-15 մարդու /առաջին հերթին ընտանիքի անդամներին/, որոնց 10%-ը հետագայում հիվանդանում է տուբերկուլոզով: Չբուժված հիվանդների 50%-ը մահանում է առաջին 5 տարիների ընթացքում, 25%-ի մոտ կայուն իմուն համակարգի շնորհիվ տեղի է ունենում սպոնտան առողջացում, մնացած 25%-ի մոտ զարգանում է խրոնիկ տուբերկուլոզ: Այսօր Հայաստանում դիսպանսեր հսկողության տակ է մոտ 3500 հիվանդ։
Նշենք, որ այսօր Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակում տեղի է ունենալու Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված կլոր սեղան, իսկ նախօրեին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Մխիթար Հերացիի անվան պետական բժշկական համալսարանն անցկացրել են «Տուբերկուլյոզը և 21-րդ դարը» թեմայով գիտաժողով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա