2011 թ. ԼՂՀ այցելել է ավելի քան 11հազար օտարերկրյա քաղաքացի (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն 2011 թ. ԼՂՀ այցելել են 11362 օտարերկրյա քաղաքացիներ, որն ավելի քան 3 հազարով գերազանցում է 2010 թ. ցուցանիշները:
Զբոսաշրջիկների աշխարհագրությունը չափազանց լայն է և տարեցտարի ավելի է ընդլայնվում: 2011 թ. ԼՂՀ այցելել են ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Մալայզիայի, Բանգլադեշի, Կամբոջայի, Գաբոնի, Քենիայի, Կոտ-դ'Իվուարի, ՀԱՀ, Կուբայի, Սինգապուրի, Չինաստանի, Ինդոնեզիայի և այլ երկրների քաղաքացիներ:
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ օտարերկրացիների մշտապես աճող հետաքրքրության մասին վկայում է նաև այն փաստը, որ երկրամասը ավելի հաճախ է ընգրկվում աշխարհի ամենագրավիչ զբոսաշրջային երկրների վարկանիշում:
Ժամանելով Արցախ, հյուրերը հաճախ այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դար), Դադիվանքի (IV դար) վանական համալիրներ, հինավուրց Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտի (մ.թ.ա. I դար), հնագույն Ազոխի քարանձավ, հայկական հինավուրց ամրոցներ և այլն:
Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն պատմական հուշարձանները, կուսական բնությունը, առողջ միջավայրը, այլև արցախցիների սիրալիրությունը, բարյացակամությունը և հյուրընկալությունը, ինքնատիպ ղարաբաղյան խոհանոցը:
Այս և շատ ուրիշ բաների մասին կարելի է իմանալ դիտելով «Ղարաբաղ` թաքնված գանձ» ֆիլմը: