Եվս մեկ իրանցի հոգևորական Ադրբեջանի իշխանություններին հորդորել է դասեր քաղել տարածաշրջանի դիկտատորներից
Ադրբեջանի իշխանությունները տարածաշրջանի դիկտատորների խորտակված ճակատագրերից պետք է դասեր քաղեն:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի Արդեբիլ նահանգի իմամ-ջոմե սեյյեդ Հասան Ամելին:
Իրանցի հոգևորականը, անդրադառնալով կրոնական գործիչների ձերբակալման փաստին, Բաքվի վարած հակաիսլամական քաղաքականությունն ամոթալի արարք է որակել:
Հավելենք, որ օրերս Իրանցի մեկ այլ հոգևորական Ռուհոլլահ Բեջանին Ալիևին գրած սպառնալից նամակում, քննադատելով Բաքվի վարած հակաիսլամական քաղաքականություն, գրել էր. «Եթե Բաքվում անցկացնես Եվրատեսիլ մրցույթն ու համասեռամոլների շքերթը, երդվում եմ, առանց հաշվի առնելու կառավարությանս դիրքոշումը, իսլամի սկզբունքների համաձայն` հյուպատոսարանդ կփակեմ, և այդ դեպքում, ոչ մի նախագահի, նույնիսկ Ահմադինեժադի հորդորները չեմ լսի, սա իմ վերջին նախազգուշացումն է, և այդ քայլը կատարելու համար պատրաստ եմ նույնիսկ արյունս թափել, Աստված վկա»:
Իսկ Իրանի Բանիմացների խորհրդում (Մաջլես-է խոբրեգան) Արևելյան Ատրպատականի (Արևելյան Ազարբայջան) ներկայացուցիչն, իր հայտարարության մեջ, քննադատելով Ադրբեջանի իշխանություններին, նշել էր, որ Ադրբեջանի իշխանությունները Քադաֆիի և Մոբարաքի ճակատագրից պետք է դասեր քաղեն: