Կկարողանա արդյո՞ք Սաակաշվիլին հետ վերադարձնել Երուսաղեմի Խաչի վանքը
Վերջին շրջանում Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության կողմից հնչեցվող հայտարարությունները` կապված Երուսաղեմի Խաչի վանքը Վրաց ուղղափառ եկեղեցուն վերադարձնելուն, ակտիվ քննարկման առարկա հանդիսացան ինչպես Վրաստանում, այնպես էլ Իսրայելում: Բանն այն է, որ վրացական կողմն ի սկզբանե անհիմն և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ էր արել, ինչը մեծ զարմանք և վրդովմունք էր առաջացրել թե՛ Իսրայելի կառավարական, և թե՛ Հույն ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի շրջանակներում:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դեռևս այս տարվա փետրվարի 25-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, պաշտպանության նախարարության Գորիի ակադեմիայում զինծառայողների առջև ելույթ ունենալիս, հայտարարել էր, որ Վրաստանը պատրաստվում է որպես սեփականություն հետ վերադարձնել Երուսաղեմի Խաչի վանքը:
«Մի քանի օր առաջ ես խումբ ստեղծեցի, որը կզբաղվի Իսրայելում գտնվող Խաչի վանքի վերադարձման խնդրով»,- ասել էր Սաակաշվիլին: Վերջինս իր խոսքում նույնիսկ շնորհակալություն էր հայտնել Իսրայելի կառավարությանն այդ հարցում համագործակցելու և աջակցելու համար:
Նախագահի հայտարարությանը փետրվարի 28-ին հաջորդել էր Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեի մամուլի ասուլիսը, որի ժամանակ վերջինս, անդրադառնալով Խաչի վանքի թեմային, հաստատել էր Սաակաշվիլիի խոսքերը: Իսկ դրանից մեկ օր առաջ մշակույթի նախարար Նիկա Ռուրուան հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի Երուսաղեմի Խաչի վանքում աղոթքն իրականացվի վրացերենով: Նշենք, որ Երուսաղեմի Խաչի վանքը շուրջ երեք դար հանդիսանում է հունական եկեղեցու սեփականությունը, և աղոթքը կատարվում է հունարենով: Ռուրուան խոսել էր նաև նշված վանքի վերադարձման հարցով զբաղվող խմբի մասին, սակայն չէր մանրամասնել, թե ովքեր են կոնկրետ ընդգրկվել նրանում` շեշտելով, որ դա գաղտնի տեղեկատվություն է:
Ինչ վերաբերում է Վրաց ուղղափառ եկեղեցուն, ապա վերջինիս կողմից տարածված հայտարարության համաձայն, Վրաց պատրիարքարանը երկրի իշխանությունների կողմից նախաձեռնված` Խաչի վանքի վերադարձման մասին լուրերին տեղեկացել է ԶԼՄ-ներից: Հայտարարության մեջ նաև նշվում է` թեև Ամենայն Վրաց պատրիարք Իլիա Բ-ն փետրվարի 16-25-ը այցելել էր Երուսաղեմ ու հանդիպել Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին և հոգևոր ղեկավարությանը, սակայն վերոնշյալ խնդրի շուրջ քննարկումներ չեն եղել: Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն, սակայն, փետրվարի 28-ի ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այդ հարցի առնչությամբ երկրի իշխանությունները համագործակցում են Վրաց ուղղափառ եկեղեցու հետ:
Նույնիսկ վրաստանաբնակ հրեաները պատրաստակամություն էին հայտնել իրենց օգնությունը ցուցաբերելու Երուսաղեմի Խաչի վանքի վերադարձման գործին:
«Բանակցությունները դեռևս ընթանում են երկու երկրների կառավարությունների մակարդակով, և այդ հարցը կարող է երկարատև լուծման փուլ անցնել, սակայն եթե մենք պաշտոնական խնդրանք ստանանք` ներգրավելու գորընթացին, ապա մեծ սիրով կհամաձայնենք»,- հայտարարել էր Վրաստանի հրեաների համաշխարհային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիդ Բաազովը:
Նշենք, որ Իսրայելի կառավարության աշխատակազմում վերոնշյալ հայտարարության մեջ նշված բանակցությունների կամ համագործակցության մասին լիովին անտեղյակ էին: Այնինչ տվյալ կառույցն առաջինը պետք է իրազեկված լիներ, և հենց Իսրայելի կառավարությանը Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը պիտի պաշտոնապես դիմած լիներ: Ինչպես հայտարարել էր Իսրայելի ԱԳՆ մամուլի խոսնակ Իգալ Պալմորան, այդ հայտարարությունները զարմանք են առաջացրել իսրայելական կողմի մոտ:
Նշված իրադարձություններին հաջորդել էր Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի այցն Իսրայել (փետրվարի 28-29-ին), սակայն, կարևոր է նշել, որ վերջինիս այցելության ընթացքում Երուսաղեմի Խաչի վանքը վերադարձնելու հետ կապված որևէ քննարկում չի եղել իսրայելցի պաշտոնյաների հետ:
Մարտի 8-ին Երուսաղեմի հունական եկեղեցու պատրիարք Թեոֆիլ Երրորդը «Izrus.co.il» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ բանակցություններ է վարում կամ ում հետ է դրանք իրականացնում վրացական կողմը: Թեոֆիլ Երրորդը նշել էր, որ վրացական կողմի վերոնշյալ հայտարարությունները չեն կարող իրականությանը համապատասխանել, քանի որ Խաչի վանքի վերադարձման հարցում Վրաստանի իշխանությունները բանակցություններ կարող են վարել միայն Երուսաղեմի պատրիարքարանի հետ, քանզի մշակութային այդ կոթողը պատկանում է հենց հունական եկեղեցուն: Պատրիարքը նաև հայտնել էր, որ ոչ վաղ անցյալում եղել են դեպքեր, երբ որոշ վրացի գործարարներ ցանկացել են գնել Խաչի վանքը, սակայն այդ առաջարկները միշտ մերժվել են: Այս տեղեկատվությունը հաստատել էր նաև Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Միխեիլ Մաճավարիանին: Վերջինիս խոսքերով` վրացի միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլին և մի քանի այլ գործարարներ բազմիցս փորձել են հետ գնել Խաչի վանքը:
Կրքերը հանդարտեցնելու նպատակով մարտի 12-ին Երուսաղեմ է մեկնել Վրաստանի ԱԺ նախագահ Դավիթ Բաքրաձեն, որն էլ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս պաշտոնապես տեղեկացրել է Խաչի վանքը վերադարձնելու` վրացական իշխանությունների ցանկության մասին:
Այդ հանդիպումներից հետո իսրայելական կողմը նորից հայտարարել է, որ Թբիլիսին այդ հարցում պետք է բանակցի հունական եկեղեցու, այլ ոչ թե, Թել-Ավիվի հետ: Վրացական իշխանությունների կողմից Խաչի վանքի վերադարձման հետ կապված հայտարարությունները վրդովմունք էին առաջացրել նաև այդ երկրի ընդդիմության շրջանում: Ըստ ընդդիմադիր գործիչների` դա Վրաստանի ղեկավարության հերթական PR քայլն է, որը սակայն անհաջող մեկնարկ ունեցավ և մեծապես վարկաբեկեց վրաց ժողովրդի պատիվը:
Դժվար է ասել` իրականում ինչ նպատակ է հետապնդում վրացական իշխանությունների նման վարքագիծը, այն է` անել հայտարարություններ, որոնք ոչ մի կերպ ընդհանրություն չունեն իրականության հետ: Չէ որ իսկապես, նորմալ չէ, երբ Երուսաղեմի Խաչի վանքը վերադարձնելու` վրացական կողմի ցանկության և իբրև արդեն իսկ սկսված բանակցությունների մասին Իսրայելի իշխանությունները և առավել ևս Երուսաղեմի պատրիարքարանը տեղեկանում է ԶԼՄ-ների միջոցով: Միգուցե Վրաստանի բարձրաստիճան ղեկավարությունը հաշվի չի առել, թե որքան նուրբ և կարևոր հարց է նա առաջ քաշում և թե ինչպիսի արձագանք կարելի է սպասել դրանից հետո, և ապա այն, թե արդյոք նման սկիզբն արդյունքում չի վտանգի վանքի վերադարձման հարցի արդյունավետ լուծմանը:
Չի բացառվում նաև, որ այդ քայլով Վրաստանի ղեկավարությունը ցանկացել է հերթական անգամ դիմել արդեն իսկ ծանոթ հնարքներին և նման միջոցներով ցանկացել է գրավել միջազգային հանրության ուշադրությունը:
Հնարավոր է վրացական իշխանություններն այդ քայլին դիմել են մի պարզ պատճառով. փորձել են շեղել հանրության ուշադրությունը ևս մի կարևոր խնդրից, որը կապված է Բաթումիում Ազիզիե մզկիթի կառուցման հետ: Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Անկարայում Վրաստանի մշակույթի նախարարի և իր թուրք գործընկերոջ միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի` Թուրքիայի տարածքում վրացական մշակութային կոթողների պահպանման դիմաց Վրաստանի ղեկավարությունը պարտավորվում է իր երկրի տարածքում կառուցել նոր մզկիթներ: Նշված պայմանավորվածությունը մեծ դժգոհություն էր առաջացրել վրաց հասարակության, և մասնավորապես Բաթումիի բնակիչների շրջանում, որոնք խոստացել էին Ազիզիեի մզկիթի կառուցման դեպքում «բուլդոզերով քանդել այն»:
Վերադառնալով հիմնական թեմային` նշենք, որ Երուսաղեմի Խաչի վանքի վերադարձման գործընթացը բավական երկար ժամանակ կարող է ձգվել, և նույնիսկ իր դրական արդյունքի չհանգեցնել վրացական կողմի համար:
Նշենք, որ Երուսաղեմի Խաչի վանքը կառուցվել է 11-րդ դարում և ի սկզբանե պատկանել է Վրաց ուղղափառ եկեղեցուն, դարեր շարունակ հանդիսացել է վրացական խոշորագույն մշակութալուսավորչական կենտրոն Վրաստանի սահմաններից դուրս: Սակայն 17-րդ դարում, պարտքերի պատճառով, Երուսաղեմի Խաչի վանքը վաճառվել է, և մինչ օրս վանքի սեփականատերն է հանդիսանում Հույն ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը: Ներկայումս վանքի հողատարածքում է գտնվում նաև Իսրայելի Կնեսետի շենքը, և այդ տարածքի վարձակալն է համարվում իսրայելական կառավարությունը: Այնպես, որ իսրայելական կողմն ուղղակի վարձակալ է հանդիսանում, իսկ մշակութային այդ կոթողը Վրաց ուղղափառ եկեղեցուն հանձնելու որոշումը կարող է կայացնել միայն Հույն ուղղափառ եկեղեցին:
Ինչ վերաբերում է Իսրայելում Հայ Առաքելական եկեղեցու ներկայությանը, նշենք, որ արդեն 4-րդ դարում սրբազան հողի վրա հայկական եկեղեցիներ և վանքեր կային, իսկ 7-րդ դարում հիմնադրվել է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որի աթոռանիստը Ս. Հակոբյանց վանքն է: Այն Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին է:
Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանց
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում