Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը մերժվել է
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը` «ովքեր իրենց համարում են ընդդիմադիր կուսակցություններ, դաշինք, ինքնառաջադրված թեկնածուներ, նստեն մի սեղանի շուրջ, ողջամիտ շրջահայաց եղանակով, համալիր մեթոդաբանությամբ առաջ գնալով քննարկեն ու յուրաքանչյուր ընտրատարածքում թողնեն միասնական մեկ ընդդիմադիր թեկնածու» մերժվել է և ՀԱԿ-ի, և ՀՅԴ-ի կողմից: Այս մասին լրագրողներին հայտնեց Ր. Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ այս օրերի ընթացքում իրենց լիազոր ներկայացուցիչները կապվել են ընդդիմադիր հիմնական կառույցների հետ` ՀԱԿ, ՀՅԴ, որ լինի համատեղ քննարկում, որտեղ կողմերը հասուն քաղաքական պատասխանատվությամբ հարցերը դնեն նժարի վրա, ընդհանրական օրակարգ ձևավորեն ու լուծումներ գտնեն:
«ՀՅԴ-ն ժամանակավրեպ համարեց այս քննարկումը, իսկ ՀԱԿ-ի լիազոր ներկայացուցիչն ու մեր պատվիրակը հանդիպեցին: Մենք առաջարկեցինք Հայաստանի հասարակության պահանջը իրականացնելու ու կենսակոչելու համար յուրաքանչյուր ընտրատարածքում ընդդիմադիրներով ունենանք մեկ միասական թեկնածու, սակայն մեր առաջարկը մերժվեց: Ցավում եմ դրա համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են երկու ընդդիմադիր թեկնածու` Րաֆֆի Հովհաննիսյան ու Նիկոլ Փաշինյան: Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը ինքնաբացարկ է հայտնում` միաժամանակ մաղթելով հաջողություն մեծամասնական ընտրակարգով առաջադրված և իշխանական, և ընդդիմադիր բոլոր թեկնածուներին: «Հետայսու «Ժառանգությունը» մեծամասնական ընտրակարգով պայքարի կգնա 7 թեկնածուով»,- հայտարարեց նա:
Նախորդող նորություններ` Ր. Հովհաննիսյանը պատրաստ կլինի հանել իր թեկնածությունը թիվ 7 ԸՏ-ից, եթե ընդդիմադիրներով նման որոշում կայացնեն
«Ժառանգությունը» ընտրություններին մասնակցելու է 8 մեծամասնական և 73 համամասնական թեկնածուներով