Հ.Խուրշուդյանը պարզաբանում է` պատգամավորի թեկնածուն իրենց դիմել էր ֆինանսական աջակցության համար միայն
Panorama.am-ն այսօր մամլո հաղորդագրություն է ստացել, որի հեղինակ Տիգրան Գրիգորյանը նշում է, որ հանդիսանում է այն նույն ընտրատարածքում ինքնաառաջադրված պատգամավորության թեկնածու, որի շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել: Խոսքը թիվ 7 ԸՏ մասին է, որտեղ առաջադրվել էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն այսօր առավոտյան հայտարարել, թե ինքնաբացարկ է հայտնում:
Ներկայացնում ենք նամակից մի հատված.
«Ինձ համար ամենացնցող հայտարարությունն այն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե ցանկացել է լինել այլընտրանքը, մինչդեռ ես մինչ այդ իրենց հետ բանակցությունների մեջ էի հենց այս գաղափարի իրականացման շուրջ: Երբ ես դիմեցի Ստյոպա Սաֆարյանին օգնելու ինձ, որպեսզի այդ ընտրատարածքում որակապես տարբերվող թեկնածուների հնարավորություն ստեղծվի, դա նրա համար հայտնության պես մի բան էր` շատ հավանեց միտքը: Մարտի 21-ի երեկոյան «Ժառանգության» գրասենյակում այս մասին իմացավ նաև Հովսեփ Խուրշուդյանը, առաջարկեցի անձամբ հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որին ի պատասխան լսեցի, թե նա շատ զբաղված է և եթե հարկ համարի, հաջորդ օրը մինչ կեսօր ինձ հետ կկապվի: Եվ` ով քեզ զարմանք, «առաքինության տիպար» Րաֆֆի Հովհաննիսյանը եկավ այլընտրանք ստեղծելու, վերջին պահին, առանց կուսակցության որոշման` լինելով կուսակցության ղեկավար: Այժմ չեմ զարմանում, որ նա ստիպված է եղել ինքնաբացարկ հայտարարել, քանի-որ այդ քայլը նրա կողմից վատ էր հաշվարկված և գաղափարն էլ իրենը չէր: Մարդիկ հեշտ են հրաժարվում այլոց գաղափարները կյանքի կոչելուց»:
Մասնավորապես այս հատվածը մեկնաբանելու համար դիմեցինք «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին, ում անունը նամակում առկա է:
Նախևառաջ Հ.Խուրշուդյանը նշեց, որ քանի որ օրվա ընթացքում շատերի հետ է շփվում, կոնկրետ չի մտաբերում, թե ո՞ւմ մասին է խոսքը: Անգամ հետաքրքրվեց` ինքը և՞ս առաջադրված է այդ ընտրատարածքում, իսկ հետո մեկնաբանեց նաև իր մասով.
«Քանի որ ինքը մեզ ընդհանրապես այլ հարցով էր դիմել` խնդրել էր, որ «Ժառանգությունը» նրա առաջադրումը հովանավորի ֆինանսապես, ես ասացի, որ նման հնարավորություն չկա ու դրանով սահմանափակվել է մեր հանդիպումը»,- Panorama.amին ասաց Հ.Խուրշուդյանը:
Այլ կերպ ասած, հանդիպման ժամանակ խոսք չի եղել այն մասին (ըստ մեր զրուցակցի), որ «այդ ընտրատարածքում որակապես տարբերվող թեկնածուների հնարավորություն ստեղծվի» և «Ժառանգությունը» սատարի նրան, այլ զուտ ֆինանսավորելու հարց է առաջ քաշվել.
«Մենք նրան, ճիշտն ասած, առաջին անգամ էինք տեսնում և դրա համար մի քիչ լուրջ էլ չեմ ընդունել: Եվ նույնիսկ հարկ չեմ համարել այդ մասին տեղյակ պահել որևէ մեկին, քանի որ կուսակցությունն այդ հնարավորությունը չունի ցանկացած մեզ դիմածին ֆինանսավորելու»,- պարզաբանեց մեր զրուցակիցն ու հավելեց` մանավանդ որ դա կուսակցության սկզբունքներին էլ դեմ է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում