Ցմահ դատապարտյալների զբոսանքի իրավունքը սահմանափակվել է. Պաշտպանը գնահատում է արդարադատության նախարարության աշխատանքը
ՀՀ արդարադատության նախարարությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ նոտարական ծառայության որակի բարձրացման համար, նոտարական գրասենյակներում միևնույն նոտարական ծառայությունների համար քաղաքացիներից պահանջել են տարբեր չափի վճարումներ: Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` ներկայացնելով 2011-ին արդարադատության նախարարության ոլորտում 2011 թվականին թերություններն ու խնդիրները:
Ներկայացնում ենք Պաշտպանի հայտարարությունն ամբողջությամբ.
«Որոշ դեպքերում Դատական ակտերի հարկադիր կատարման (այսուհետ` ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցների կողմից խախտվել են պահանջատիրոջ իրավունքները, ինչի հետևանքով շարունակել են չկատարվել կամ ոչ լիարժեքորեն կատարվել դատարանների կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները: Առանձին դեպքերում ԴԱՀԿ ծառայության կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող պարտապաններին հայտնաբերելու ուղղությամբ: Հարկադիր էլեկտրոնային աճուրդների օբյեկտիվությունը հաճախ վիճահարույց է եղել, ինչը պատճառ է եղել նաև կոռուպցիոն դրսևորումների: ԴԱՀԿ ծառայությունը շարունակել է դրսևորել անգործություն պետական մարմինների նկատմամբ՝ պաշտոնատար անձանց կողմից վճռի պահանջները չկատարելու դեպքերում:
• Քաղաքացիական կացության ակտերի գրացման (այսուհետ` ՔԿԱԳ) մարմինները, ԴԱՀԿ ծառայությունը, պետական ռեգիստրի գործակալությունը որոշ դեպքերում շարունակել են քաղաքացիներից ապօրինաբար պահանջել պարտադիր նոտարական վավերացմամբ լիազորագրեր, ինչը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածին:
• Որոշ դեպքերում ՔԿԱԳ մարմիններում շարունակել են քաղաքացիներից պահանջել օրենքով ոչ պարտադիր փաստաթղթեր (հիմնականում ամուսնությունների գրանցման, անվան, ազգանվան փոխման դեպքերում): Բացի այդ, ՔԿԱԳ գործակալության մի շարք բաժիններում ցածր է եղել բնակչությանը տրամադրվող ծառայությունների որակը, մասնավորապես՝ չնորմավորված աշխատանքային գրաֆիկ, անհարկի հերթերի ստեղծում և այլն, որոնք պատշաճ կերպով հսկողության բացակայության արդյունք են:
• Թեպետ պետական ռեգիստրի գործակալությունում ներդրվել է մեկ պատուհանի համակարգ, այնուամենայնիվ, սպասարկող աշխատակիցների թվաքանակի անբավարարության պատճառով եղել են մարդկանց կուտակումներ և աշխատանքների խառնաշփոթ:
• Բավարար չի եղել քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվող բժշկական օգնությունն ու սննդի որակը: Որոշ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են կոմունալ-կենցաղային անբավարար պայմաններ:
• Քրեակատարողական հիմնարկներում հանձնուքներն ընդունելու, տեսակցությունները կազմակերպելու, խցերը օդափոխելու և այլ դեպքերում առկա են եղել կոռուպցիոն երևույթներ:
• Քրեակատարողական հիմնարկներում երբեմն սահմանափակվել են ցմահ ազատազրկման դատապարտված անձանց զբոսանքի իրավունքը՝ շաբաթական 7 անգամվա փոխարեն տրամադրվել է 2-3 անգամ:
• Մտահոգիչ է այն, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բացակայել է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ի մասնագիտացված բուժսպասարկումն ապահովող առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև «վերակենդանացման բաժանմունք»:
• Չնայած Արդարադատության նախարարությունը դատական իշխանության համակարգի բարեփոխման նպատակով առաջարկել է երկարաժամկետ ծրագիր, որում ներառված որոշ առաջարկություններ կարող են նպաստել արդար դատաքննության իրավունքի առավել արդյունավետ իրացմանը, այդուհանդերձ, նախարարությունը իրական և բավարար քայլեր չի ձեռնարկել համակարգում առկա արատավոր երևույթները վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ բավարար արդյունավետ չի իրացրել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իր իրավասությունը»:
Պաշտպանը ոլորտում նաև դրական զարգացումներ է նկատել.
«ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծվել է աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչություն:
• Նախարարության կողմից համակարգված ձևով կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն, ապահովվել է դիմումներին և բողոքներին պատշաճ ընթացք տալու գործընթացը:
• Ստեղծվել են ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ուսումնասիրության աշխատանքային խմբեր՝ ներպետական օրենսդրությունը նշված որոշումների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա ՀՀ կառավարությանն է ներկայացվել օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու առաջարկներ:
• Գույքագրվել է 1990-95 թվականների ՀՀ օրենսդրությունը, վերլուծվել և օրենսդրական նախաձեռնության տեսքով առաջարկություններ են ներկայացվել բոլոր շահագրգիռ մարմիններին:
• Սահմանվել են նոտարի պաշտոնում նշանակվելու, նոտարի թեկնածուների վերապատրաստման նոր կարգ և չափանիշներ, վերանայվել են նոտարական ծառայությունների համար սակագները, սահմանվել և հստակեցվել են այդ ծառայությունների համար ֆիքսված սակագները: Ուսումնասիրվել են արդարադատության նախարարին հասցեագրված քաղաքացիների բողոքները, որոնց հիման վրա տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ միաժամանակ ուժեղացնելով նոտարների նկատմամբ վերահսկողությունը:
• 2011թ. ապրիլից իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը, հնարավորություն է ստեղծվել նաև իրավաբանական անձի գրանցումն իրականացնել էլեկտրոնային եղանակով, ընդամենը մի քանի րոպեների ընթացքում, ինչպես նաև տեղի են ունեցել առկա բոլոր ընթացակարգերի պարզեցում, ժամկետների կրճատում:
• Կրճատվել է ամուսնությունների գրանցման ժամկետը և պահանջվող փաստաթղթերի քանակը, անվան փոփոխման համար դիմումատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, իսկ դեկտեմբերի 1-ից ՔԿԱԳ տարածքային մարմիններն աշխատանքներն իրականացրել են էլեկտրոնային կառավարման նոր համակարգով:
• Քրեակատարողական հիմնարկներում շարունակվել են վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքները, ավելացվել են երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների քանակը, որոշ քրեակատարողական հիմնարկների բուժկետերը վերազինվել են նոր սարքավորումներով, ինչպես նաև հատկացվել են բավարար չափով դեղորայք-ներ:
• Ավելացել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի մասնաճյուղերի արտադրական, գյուղատնտեսական և հացաթխման արտադրամասերում աշխատանքներ իրականացնող դատապարտյալների թվաքանակը՝ 2010թ. 236-ի փոխարեն հասել է 271-ի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում