«ԵԱՀԿ ՄԽ մեծ դերակատարություն ունի պատերազմի չվերսկման հարցում»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 20-ամյա գործունեության շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքական գործիչների ու փորձագետների հետ:
Փորձագետ Էդգար Հովհաննիսյանը կարծում է, որ ցանկացած կառույցի աշխատանք գնահատվում է ըստ արձանագրված արդյունքների:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի վերջնական արդյունքը պետք է լինի վերջնական խաղաղության հասնելը: Ճիշտ է՝ դեռ վերջնական համաձայնության կողմերը չեն հանգել, սակայն կարճաժամկետ արդյունքները մենք պետք է կարողանանք տեսնել և գնահատել:
Մինսկի խումբն իր ջանքերի արդյունքում կարողացել է վերջին հաշվով խաղաղությունը տարածաշրջանում պահպանել և հակամարտող կողմերին գոնե պարբերաբար նստեցնել մեկ սեղանի շուրջ՝ փորձելով համաձայնության գալ ընդհանուր սկզբունքների և վերջնական պայմանգիրը կնքելու հարցում: Ճիշտ է, չի կարելի է ասել, որ արդյունքները փայլուն են, բայց կարծում եմ դեռևս կան անելիքներ և Մինսկի խումբն այդ ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում:
Բայց մյուս կողմից էլ կարծում եմ, որ համանախագահները պետք է ավելի ակտիվացնեն իրենց ջանքերը, հատկապես Ղարաբաղի և Արցախի ժողովրդի ձայնը ավելի լսելի դարձնելով: Չնայած այն հանգամանքին, որ Արցախն անմիջականորեն չի մասնակցում բանակցային պրոցեսին, սակայն համանախագահներն իրենց Ստեփանակերտ կատարած այցերով փորձում են գործընթացին մասնակից դարձնել նաև ղարաբյան կողմին: Վաղ թե ուշ, Արցախը դառնալու է բանակցային կողմ, այլընտրանք չկա: Բանակցային գործընթացում առանց Արցախի մասնակցության, անհնար է խոսել ԼՂ հիմնախնդրում կտրուկ փոփոխություննրի մասին»,- հավելեց նա:
Ռազմական փորձագետ Արթուր Պետրոսյանն էլ կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ը մեծ դերակատարութուն ունի շփման գծում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների չվերսկսման հարցում:
«Մի կողմից տարօրինակ է, երբ Ադրբեջանը քննադատում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը, քանի որ ԼՂ հարցում վերջնական հաջողության հասնելը դժվարին պրոցես է և իսկզբանե ոչ-ոք էլ այդ հարցում արագ լուծում չէր ակնկալում: Մյուս կողմից, Ադրբեջանի մոտեցումը «հասկանալի է», քանի որ անկախ արդյունքներից նա միշտ էլ բոլորին քննադատում է, և այս հարցում համանախագահները բացառություն չէին կարող լինել: Պաշտոնական Բաքվի մոտեցումները արունակում են ապակառուցողական մնալ և պարագայում այլ բան չէր էլ կարել նրանցից ակնկալել»- ասաց նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքերով, այս 20 տարիների ընթացքում համանախախագահները մեծ ծավալի աշխատանքներ են կատարել:
«Ներկայիս ձևաչափը հիմնախնդրի կարգավորման ամենաարդյունավետ ֆորմատն է և Արցախի ինքնորոշման մեր բոլոր ակնկալինքերը կապված են համանախագահների հետևողական ու համառ ջանքերի հետ: Մեկ անգամ չէ, որ խոսվել է համանախագահների արդյունավետ աշխատանքների մասին և ես հույս ունեմ, որ դրանք կշարունակվեն ու կաջակցեն կողմերին՝ խնդրի խաղաղ կարգավորման հարցում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս քսան տարիների ընթացքում ունեցել ենք հրադադար, որը պայամանավորված է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությամբ:
«Կարծում եմ, այդ արդյունքը` հրադադարը պահպանելը, վատ արդյունք չէ: Հրադադարի պահպանումն արդեն որոշակիորեն ձեռքբերում է»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա