Ս.Սաֆարյան. «ՀԱԿ-ում «պլինտուսից ցածր» մակարդակ է. ոչինչ էլ չեմ ակնկալում»
«Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ ինքնաբացարկի չգնալու բոլոր հիմքերը: Այնուամենայնիվ, վեր կանգնելով դրանից ու վերջին օրերին ՀԱԿ-ի կողմից ուղղված ամենակեղտոտ ցեխարձակումներից ու նաև վեր կանգնելով նախկինում Նիկոլի ամենաանքաղաքակիրթ բառապաշարից վեր դասեց ընդդիմադիր ընտրազանգվածի, ժողովրդի շահերը ու իր այդ քայլով օրինակ ծառայեց ընդդիմության մեկ թեկնածու թողնելու համար»,-Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ր. Հովհաննիսյանի ինքնաբացարկը հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Այս ամենից հետո, նշեց պատգամավորը, գնդակը ՀԱԿ-ի դաշտում է և նրանք է, որ պետք է ապացուցեն, թե որքանո՞վ են մտահոգ ընդդիմադիր ընտրազանգվածի շահերով:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե կոնկրետ ինքը` Ս.Սաֆարյանը կո՞ղմ էր, որ կուսակցապետը շարունակեր պայքարը և չդիմեր ինքնաբացարկի, պատգամավորն ընդգծեց, որ իր կամ ինչ-որ մեկի կողմ-դեմ լինելը այս պարագայում ամենևին էլ էական չէր, քանի որ սա զուտ անձնական որոշում էր: Բայց. «Անկեղծ ասած ես ինքս կդժվարանայի դա անել… գուցե էմոցիաներով դրդված այդպես կանեի, որովհետև այն ինչ տեսնում եմ մյուս ճամբարում ուղղակի «պլինտուսից ցածր» մակարդակ է` դեբատի և քննարկման առումով» ,- շեշտեց նա:
Կա՞, արդյոք, ինչ-որ բան, որ անձամբ Սաֆարյանն ակնկալում է ՀԱԿ-ից այս քայլին ի պատասխան, առավել ևս, որ թե’ ՀԱԿ-ը և թե’ Դաշնակցությունը մերժել են «Ժառանգության» կուսակցապետի առաջարկը` «նստել մի սեղանի շուրջ, ողջամիտ շրջահայաց եղանակով, համալիր մեթոդաբանությամբ առաջ գնալով քննարկել ու յուրաքանչյուր ընտրատարածքում թողնել միասնական մեկ ընդդիմադիր թեկնածու». «Ոչինչ չեմ ակնկալում և առհասարակ` շատ վաղուց որևէ ակնկալիք այդ քաղաքական ուժից չունեմ: Կրկնում եմ` որևէ տեսակի ակնկալիք չունեմ»,- արձագանքեց նա ու ավելացրեց, որ տեսնողն ու առավել ևս գնահատողը հասարակությունն է. «Թող տեսնեն թե ո՞ւմ խոսքի և գործի միջև վիհ կա: Տվյալ պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանն իր քայլն արել է և հիմա հաջողություն է մաղթում բոլորին»,- հավելեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, նույն ընտրատարածքում առաջադրվել է նաև գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն), ում թեկնածությունը սատարում է ՀՀԿ-ն:
Նախորդող` http://www.panorama.am/am/popular/2012/03/26/hovhannisyan-r/
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա