«Երիտասարդ գիտնականները» գիտության ֆինանսավորման բարձրացում են պահանջում
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները կոչով դիմել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին` իրենց ծրագրերում ներառել գիտության ֆինանսավորման բարձրացման դրույթը: Այսօր ասուլիսի ժամանակ նրանցից Արթուր Մովսիսյանը, Հայկ Իշխանյանը և Արամ Ջիվանյանը տեղեկացրեցին, որ արդեն նախնական համաձայնություն և վստահեցում են ստացել «Բարգավաճ Հայաստան» և«Ժառանգություն» կուսակցություններից, Հայ ազգային կոնգրեսից:
«Գիտությանը հատկացվող ֆինանսավորումը պետք է անհապաղ կազմի ՀՆԱ-ի առնվազն 1%-ը՝ հետագայում տարեկան 0.2 %-ի աճի միտումով: Այսօր այն հաշվվում է բյուջեով, այնինչ ամբողջ աշխարհում այն հաշվում են ՀՆԱ-ով», - ասացին նախաձեռնող խմբի անդամները:
Երիտասարդները, հանդես գալով երիտասարդ գիտնականների անունից, ի դեպ, լինելով գիտաշխատողներ, հայտարարեցին, թե գիտնականներին աջակցության նպատակով պետության կողմից խոստացած 100 միլիոն դրամի ռոտացիան այդպես էլ տեղ չի հասել: Նախաձեռնության անդամների խոսքով` երիտասարդ գիտնականների ցածր վարձատրությունը ստիպում է նրանց հեռանալ երկրից կամ էլ հավելյալ աշխատանքի:
«Մեր գիտնականների միջին տարիքը 58 տարեկանն է: Երիտասարդ գիտնականին այսօր ոչինչ չի հրապուրում Հայաստանում, և նա ստիպված է գտնել երկրորդ գործ, կամ լքել Հայաստանը, ինչպես իմ շատ ծանոթները: Հայաստանում հայագիտությունը համարվում է գերակա ճյուղ, բայց այն մինչև հիմա միջազգային մակարդակի չի հասել: Երիտասարդ գիտնականները ստանում են շատ ցածր աշխատավարձ, իսկ ակադեմիկոսները` երբեմն անգամ հավաքարարից քիչ»,-ասաց Ա.Մովսիսյանը:
Ի դեպ, ասուլիսի բանախոսներն այդպես էլ չպատասխանեցին panorama-ի լրագրողի հարցին, թե լինելով գիտնական, անցած 1 տարվա ընթացքում յուրաքանչյուրը քանի գիտական աշխատանք է իրականացրել: Նրանք միայն նշեցին, որ անցած տարվա կտրվածքով, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` հայ գիտնականների աշխատանքի արդյունավետությունը աշխարհում ամենաբարձրն է:
Երիտասարդ գիտնականների իրավունքները ներկայացող բանախոսներն անդրադարձան նաև ընտրացուցակներին: Նրանք անդրադարձ կատարեցին միայն Հանրապետական կուսակցության ընտրացուցակին, մտահոգություն հայտնելով, թե Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ցուցակում 52-րդ տեղն է, ԵՊՀ ռեկտորը` 75-րդ: «Գիտնականները պետք է նման կուսակցության ընտրացուցակում առաջին տեղեր զբաղեցնեին», - նշեցին նախաձեռնության անդամները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան