Սերժ Սարգսյանը Սեուլում է. քննարկել են Վաշինգտոնում կայացած առաջին միջուկային գագաթաժողովից հետո ոլորտում գրանցված առաջընթացը
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Կորեայի Հանրապետությունում, որտեղ մասնակցում է Սեուլում կայացող Միջուկային անվտանգության երկրորդ գագաթաժողովին:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, գագաթաժողովին մասնացելու նպատակով Սեուլ են ժամանել 53 երկրի և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Այսօր Սեուլում կայացել է պատվիրակությունների դիմավորման արարողություն, որից հետո երկրների ղեկավարները մասնակիցել են աշխատանքային ճաշի, որտեղ քննարկել են Վաշինգտոնում կայացած առաջին միջուկային գագաթաժողովից հետո ոլորտում գրանցված առաջընթացը:
Ինչ վերաբերում է բուն գագաթաժողովին, այն կմեկնարկի վաղը՝ մարտի 27-ին: Միջոցառման ընթացքում, որը ոլորտի խոշորագույն միջոցառումն է, մասնակիցները կքննարկեն հարցեր կապված միջուկային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի միջոցների, միջուկային նյութերի և նրանց հետ կապված օբյեկտների պաշտպանության, ինչպես նաև միջուկային նյութերի ապօրինի շրջանառման կանխման հետ:
Հիշեցնենք, որ Միջուկային անվտանգության առաջին գագաթաժողովը կայացել էր 2009 թվականի ապրիլին՝ Վաշինգտոնում: Այն ժամանակ նախագահ Օբաման առաջարկել էր բարձր մակարդակով ուշադրության կենտրոնում պահել միջուկային անվտանգության հարցը՝ դասեր քաղելով միջազգային ահաբեկչության սպառնալիքներից: Վաշինգտոնում հիմնական շեշտը դրված էր միջուկային զենքի չտարածման և այդ տիպի սպառազինություններից հրաժարվելու հարցերին: Վաշինգտոնյան գագաթաժողովին մասնակցում էին 47 երկրների և երեք կազմակերպությունների (ՄԱԿ, ԵՄ և Միջուկային էներգիայի միջազգային գործակալություն, ՄԷՄԳ) ղեկավարներ: Դրանք այն երկրներն են, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ոլորտին՝ իրենց տարածքում ունեն միջուկային օբյեկտներ, միջուկային նյութեր կամ դրանց հետ առնչվող այլ օբյեկտներ ու խնդիրներ:
Սեուլում ընթացող գագաթաժողովի մասնակիցների թիվը՝ նախորդ անգամվա հետ համեմատած համալրվել է երեքով: Հարավային Կորեան որպես կազմակերպիչ երկիր, իր կողմից հրավերներ է ուղարկել Դանիային, Լիտվային և Ադրբեջանին:
Ինչ վերաբերում է գագաթաժողովը Հարավային Կորեայում անցկացնելուն, ապա փորձագետները դրանում հստակ քաղաքական որոշում են տեսնում: Այսօր միջազգային հարաբերությունների օրակարգում է Կորեական թերակղզում միջուկազերծ տարածք հաստատելու հարցը: Հյուսիսային Կորենա, որ նախկինում միջուկային զենքի փորձարկումներ է իրականացրել, այս հարցում միջազգային հանրության հետ դժվարին երկխոսության մեջ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները