ԵՊԼՀ-ում տեղի է ունեցել ֆրանսերենով միջբուհական ինտելեկտուալ խաղ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհուրդն այսօր կազմակերպել էին միջբուհական ինտելեկտուալ խաղ ֆրանսերենով:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշել է, որ խաղը կազմակերպվել է ՀՀ-ում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում: Նա նկատել է, որ վերջին տարիներին բուհերում մեծ զարգացում են ապրում ինտելեկտուալ խաղերը, ինչն ապացուցում է այն մասին, որ ուսանողն այսօր կարևորում է գիտելիքը և կարողանում է մրցել իր գիտելիքներով։ «ԵՊԼՀ ուսխորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ արդեն իսկ անցկացրել է ինտելեկտուալ մրցաշար անգլերենով։ Նման ծրագրերը լինելու են շարունակական. ուսանողները հնարավորություն են ունենալու ինտելեկտուալ մրցաշարերի շրջանակներում մրցելու նաև այլ լեզուներով»- նշել է Կարեն Ավագյանը։
Ինչպես հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից, ինտելեկտուալ խաղին մասնակցում էին ԵՊՀ-ի, ԵՊԼՀ-ի, Հայաստանի ֆրանսիական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի թիմերը։
Փառատոնը կազմված էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Բրեյն-թեստ» ինտելեկտուալ խաղերից, ինչպես նաև՝ բանավեճից, որի առանցքում քննարկվեցին հայ-ֆրանսիական հարաբերություններին և վերջինիս համատեքստում՝ երկու երկրների երիտասարդության դերակատարությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ԵՊԼՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը, խաղի հարցաշարը կազմվել է ԵՊԼՀ ֆրանսերենի ամբիոնի և լեզվաբանական համալսարանի ինտելեկտուալ ակումբի կողմից։ Հասմիկ Ափյանը կարծում է, որ նման ծրագրերը նոր զարկ կտան Հայաստանում ֆրանկոֆոն շարժման զարգացմանը, ուսանողներին հնարավորություն կտա հաղորդակցվելու ֆրանսիական մշակույթին, ինչպես նաև հեռանկար կստեղծի տարբեր բուհերի ուսանողների համագործակցության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան