Հաճախ պետպատվերի շրջանակում բուժվողների նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք. ՄԻՊ գնահատականը
«Կառավարության համապատասխան որոշման փոփոխության արդյունքում աճել է կեղծ դեղեր կամ դեղանյութեր ներմուծելու վտանգը, այդուհանդերձ նախարարությունը որևէ լրացուցիչ մեխանիզմներ չի նախատեսել այդ վտանգը նվազեցնելու, դեղերի շուկայում այդ ուղղությամբ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ավելին՝ նախարարությունը որևէ եղանակով չի ցանկանում միջամտել կեզծ դեղերի տարածման կանխմանը՝ նույնիսկ չի վարում նման հանցագործությունների բացահայտման և պատժման վիճակագրություն»,-գնահատելով ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում 2011թ. Զարգացումները, նման եզրահանգման է եկել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Առկա թերություններն ու խնդիրները մասում, մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ բուժհաստատություններին տրված է լիազորություն ազատել համավճարից կամ կիրառել համավճարի ավելի ցածր շեմ` ելնելով հիվանդի վճարունակության աստիճանից, ինչը որոշվում է այդ հաստատությունների կողմից՝ հիվանդի կամ նրա հարազատի դիմումի հիման վրա:
«Օրենսդրությամբ հստակ սահմանված չեն որոշակի չափորոշիչներ նման որոշումների համար, ինչի հետևանքով բժշկական հաստատությունների կողմից առանձին դեպքերում դրսևորվել են տարբերակված և սուբյեկտիվ մոտեցումներ: Նման մոտեցումների թույլատրելիությունը և առկայությունը առաջացնում է կոռուպցոին ռիսկեր»,-նշում է Անդրեասյանը:
ՄԻՊ-ը ուշադրություն է հրավիրում փաստին, որ օրենսդրությամբ չի սահմանվել «բժշկական սխալ» հասկացությունը. «Այդ պատճառով չի տարբերակվում անփութությունը բժշկական սխալից, որն էլ իր հերթին դժվարեցնում է գնահատական տալ կատարված դեպքին: Ներկայումս բժշկական սխալը առանց հստակ չափորոշիչների որոշում են տարբեր հանձնաժողովներ, ինչի արդյունքում բժիշկները անարդարացիորեն ենթարկվում են պատասխանատվության կամ անարդարացիորեն խուսափում դրանից»:
Պաշտպանն արձանագրում է նաև, որ չնայած 2011թ. հունվարի 1-ից ներդրվել է մինչև 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը և երեխայի առողջության անձնագիրը, սակայն, առանձին դեպքերում ծնողները ստիպված են եղել հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:
«Նախարարությունը Պաշտպանին չի տրամադրել տեղեկատվություն, թե քանի գիշերային մշտադիտարկում է անցկացվել բուժհաստատություններում և մարդու իրավունքների խախտման քանի դեպք է բացահայտվել դրանց արդյունքում: Նման վիճակագրության բացակայությունը կամ դրա չտրամադրումը էականորեն նվազեցնում է նախարարության համապատասխան վերահսկողական գործառույթների արդյունավետության նկատմամբ հանրային վստահությունը»,-թերությունները շարունակում է թվարկել պաշտպանը:
Պաշտպանը նշում է, որ Պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության չտրամադրման և ոչ պատշաճ տրամադրման մասին վկայող Պաշտպանին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրությունը փաստում է, որ մարդիկ` ընդգրկված լինելով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստացող առանձին /հատուկ/ խմբերի ցանկում, հերթագրվել են նշված օգնությունը ստանալու համար համապատասխան հիմնարկում կամ ունեցել են առողջապահության նախարարության կողմից տրված ուղեգիր, սակայն բուժհաստատություններում մերժել են նրանց բուժումը կամ չեն ապահովել պատշաճ բուժօգնությամբ:
«Առանձին դեպքերում անձը բուժհաստատության փոփոխման արդյունքում զրկվել է պետպատվերով վիրահատվելու իրավունքից: Հաճախ պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդների նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք»,-ասված է ՄԻՊ գնահատականում:
Որպես ոլորտում դրական զարգացում ՄԻՊ-ը նշում է հունվարի 1-ից ներդրված մինչև 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը և երեխայի առողջության անձնագիրը, շտապօգնության ծառայությունների որակի բարելավումը, ոլորտում ստվերայնության կրճատումը, մարզային ԲԿ-ների վերակառուցումն ու վերազինումը և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում