Բենզինը թանկացել է. Հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է
Բենզինի գնի 10-20 դրամով թանկացումը խուճապ ու մտահոգություններ է առաջացրել ավտոտերերի շրջանում: Խնդիրն ակտիվորեն քննարկվում է սոցցանցերում:
Բենզինի շուկայում գերիշող երկու ընկերություն կա` «Ֆլեշ» ընկերությունը, որը, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների, զբաղեցնում է շուկայի 42.62 տկոսը, և «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը` 41.76 տոկոսը:
Այս ընկերությունների ներկայացուցիչները հայտարարել են, թե թանկացումը պայմանավորված է միջազգային գների թանկացմամբ, չեն բացառել, որ նոր թանկացում էլ կլինի: Ընկերությունների ներկայացուցիչներից այս պահին պարզաբանում ստանալ չհաջողվեց:
ՏՄՊՊՀ-ի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հանձնաժողովը այս շուկայում ուսումնասիրություն սկսել է մոտ մեկ ամիս առաջ, երբ բենզինը թանկացավ 10 դրամով: Շուկայում գործող ընկերություններից հանձնաժողովը տեղեկատվություն է պահանջել, դրանք ներկայացվել են, ուսումնասիրությունների ընթացքում նոր հարցեր են առաջացել, դրանց պատասխաններն էլ են պահանջվել:
Մամուլի քարտուղարի խոսքով, բավականին ծավալուն է աշխատանք է, ուսումնասիրվելու է գնագոյացման ողջ մեխանիզմը: «Առաջիկայում պարզ կդառնա, թե ինչի հետ է կապված գնի բարձրացումը»,-ասաց Գ. Սահակյանը:
Հարցին, թե մոտավորապես, երբ կավարտվեն ուսումնասիրություններն ու պարզ կլինի բենզինի թանկացման պատճառը, Սահակյանն ասաց, որ օրենքով բավականին երկար ժամանակ է նախատեսվում ուսումնասիրության համար, սակայն հաշվի առնելով հարցի հրատապությունը դրանք կիրականացվեն հնարավորինս արագ:
Եթե հանձնաժողովը պարզի, որ այս ընկերությունները չարաշահել են իրենց գերիշխող դիրքը, ապա «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը նախատեսում է տուգանքի նշանակում հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամի չափով: Օրենքով գների չհիմնավորված բարձրացման միջոցով գերիշխող դիրքի չարաշահմամբ տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Իսկ սպառողի գրպանին պատճառած վնասն այդպես էլ չփոխհատուցված կմնա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում