Ադրբեջանի նախագահի՝ հայկական ատոմակայանի մասին հնչեցրած ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում. Սերժ Սարգսյան
Սեուլում Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայկական ատոմակայանի մասին Սեուլյան գագաթաժողովում Ադրբեջանի նախագահի ներկայացրած ապատեղեկատվությանը:
«Ադրբեջանի նախագահի՝ Հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացահայտ ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում, որովհետև Հայաստանի մասին հերյուրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելաոճ»,-երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, ասել է ՀՀ նախագահը:
«Ընդ որում, ամենաբարձր ամբիոններից խեղված են ներկայացվում ոչ միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամեն ինչ, այլև միջազգային հանրության՝ մեր և ձեր կողմից ընդունված փաստաթղթերը: Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Լեռնային Ղարաբաղի խնդրով հայտնի բանաձևերն են խեղաթյուրում, մոռանալով, որ իրենք են սկսել ռազմական գործողություններ, իրենք են հրաժարվել դադարեցնել դրանք, իրենք են, որ հիմա ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում և հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել միջազգային իրավունքի հիման վրա»,-նշել է նախագահ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարի խոսքով, Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ողբերգություններից հետո շատերն են վերապահումներով մոտենում միջուկային էներգիայի ապագայի խնդիրներին: Որոշ հատուկ դեպքերում, ինչպիսին Հայաստանի դեպքն է, ըստ Նախագահ Սարգսյանի, քիչ այլընտրանք կա` ապահովելու համար մեր ժողովրդի կայուն զարգացումն ու կենսամակարդակի բարելավումը: